«Կարդացած գիրքը վերընթերցելը կրթվածության ամենահուսալի փորձաքարն է»: Այդպես է համարել Գյոթեն
Այսօր` oգոստոսի 28-ին, գերմանացի մեծ բանաստեղծ, գրող, վիպասան, դրամատուրգ եւ փիլիսոփա Յոհան Վոլֆգանգ Ֆոն Գյոթեի ծննդյան օրն է։ Այս տարի նշվում է բանաստեղծի 276-ամյակը։
Գերմանական ռոմանտիզմի հանճարեղ ներկայացուցիչը գրել է մոտ 1600 բանաստեղծություն։ Նրա ստեղծագործությունների հայերեն առաջին թարգմանությունը կատարել է Խաչատուր Աբովյանը 1830 թվականին։ Սիրված «Վարդը» բանաստեղծությունը թարգմանել է Հովհաննես Թումանյանը, որի համար երաժշտություն է գրել կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը։
Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն ծնվել է 1749 թվականի օգոստոսի 28-ին Մայնի Ֆրանկֆուրտում՝ հարուստ բուրժուական ընտանիքում։ Նրա պապը եղել է քաղաքագլուխ, հայրը՝ կայսերական բարձր պաշտոնյա եւ իրավաբանական դոկտոր, որը հետաքրքրված էր արվեստով եւ ժամանակի առաջավոր գաղափարներով։ Յոհանի կրթության եւ դաստիարակության գործը անձամբ հսկել է հայրը՝ հրավիրելով տեղի առաջավոր մանկավարժներին։ Ապագա գրողն արդեն պատանեկան հասակում տիրապետում էր մի քանի լեզուների, խորապես զբաղվում էր փիլիսոփայությամբ, գրականության պատմությամբ եւ բնագիտությամբ։
Գյոթեին անվանել են ամենատարբեր շրջասույթներով. նրան կոչել են մտքի տիրակալ, Վերածննդի վերջին տիտան, իր դարաշրջանի հանճարեղ բանաստեղծ, «Մեծ ոգեշնչումների ստեղծող», գրում է Վասիլի Ժուկովսկին՝ իր բանաստեղծության մեջ, որը նվիրված է գերմանացի դասականի հետ հանդիպմանը։
Սակայն ստեղծագործական իր բոլոր դրսեւորումներով հանդերձ՝ Գյոթեի գրական ժառանգության մեջ առանձնահատուկ տեղ ունի «Ֆաուստ» ողբերգությունը, որի վրա հեղինակն աշխատել է ավելի քան վաթսուն տարի։
Ժողովրդական լեգենդի սյուժեի վրա հիմնվելով՝ Գյոթեին հաջողվել է ստեղծել այն, ինչ Ալեքսանդր Պուշկինն անվանել է «բանաստեղծական ոգու մեծագույն ստեղծագործություն»։
Չար ոգին գիտնական Ֆաուստին խոստանում է կրկին վերապրեցնել կյանքի բերկրանքը, սակայն Ֆաուստը պետք է փոխհատուցեր՝ իր հոգին հանձնելով սատանային՝ Մեֆիստոֆելին։
Ֆաուստը, դաշինքը ամրապնդելով արյամբ, սկսում է իր ճամփորդությունը եւ միապաղաղ կյանքից հետո հասկանում է, թե ինչ է լիարժեք կյանքը։
Ողբերգության երկրորդ մասը վերածվում է իսկական բանաստեղծափիլիսոփայական մեծ գաղափարախոսության՝ հագեցած ծածկագրված սիմվոլներով, միստիկական զգացողություններով եւ բազմաթիվ հանելուկներով, որոնք համաշխարհային գրականության մեջ հազվագյուտ են իրենց բարդությամբ։
«Ֆաուստը» յուրահատուկ է ոչ միայն իր սյուժեի, այլեւ գաղափարների խորության եւ մոգական տրամադրության շնորհիվ։ Այն ցույց է տալիս, թե ինչպես գիտակցական որոնումները, ներքին փորձառությունները եւ մարդկային ցանկությունները կարող են սերտաճել արվեստի եւ փիլիսոփայության հետ։
Ճշմարիտ գրականությունը, ինչպես ցույց է տալիս Գյոթեն, իր գոյությունը հայտնում է նրանով, որ այն, ինչպես աշխարհիկ ավետարանը, ազատում է մարդուն ծանր երկրային բեռից՝ ներսի ուրախությամբ եւ արտաքին գեղեցկությամբ։
Գյոթեի դեպքում, ինչպես եւ մեծ իտալացի բանաստեղծ Դանտեի, սիրո ըմբռնումը նույնն է։ Դանտեի «Աստվածային կատակերգությունը» ավարտվում է խոսքերով՝ երկրի վրա ամեն ինչ ղեկավարող բարձրագույն ուժի մասին, որը կոչվում է «Սեր»։ Երկու բանաստեղծներն էլ սերը հռչակել են որպես բարձրագույն, անվիճարկելի ուժ, եւ իրենց ստեղծագործություններում արտահայտել են սիրո հզոր ազդեցությունը մարդու կյանքի վրա։
Գյոթեի ստեղծագործությունները ներկայացնում են բազմակողմանի տաղանդ, գիտելիքների անսպառ ձգտում եւ արվեստի միջոցով մարդկային հոգու փրկության գաղափար։ Նրա ստեղծագործությունները, ուսումնասիրությունները այսօր էլ շարունակում են սովորեցնել ու ոգեշնչել գրականության եւ արվեստի սիրահարներին:























