Ազգային ժողովում արդեն չորրորդ տարին իրականացվում է «Ամառային դպրոց» ծրագիրը, որի նպատակն է դպրոցականներին ծանոթացնել օրենսդիր մարմնի կառուցվածքին, գործունեությանը և պետական համակարգի աշխատանքին։
Այս տարի մրցութային փուլը հաղթահարել էր 55 աշակերտ՝ Երևանից և մարզերից։ Նրանք մասնակցեցին երկշաբաթյա հագեցած դասընթացի, որի ընթացքում ունեցան հանդիպումներ ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի, Հանրապետության նախագահի, ինչպես նաև պատգամավորների ու տարբեր կառույցների ղեկավարների հետ։
Ծրագրի շրջանակում կազմակերպվել էին այցելություններ թանգարաններ, Ազգային գրադարան, Հանրային հեռուստաընկերություն, Ազգային պատկերասրահ։ Դպրոցականները դիտեցին նաև Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը և մասնակցեցին «Վինսենթ Վան Գոգի և Գուստավ Կլիմտի կտավներով» մուլտիմեդիա ցուցադրությանը։
Բացի կրթական և մշակութային ծրագրերից, տեղի ունեցավ նաև սպորտային օր, որի ընթացքում աշակերտները փորձեցին իրենց ուժերը ֆուտբոլում և «Փադդըլ» խաղում։
Ծրագրի ավարտին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը շրջանավարտներին հանձնեց հավաստագրեր և նրանց մաղթեց հաջողություններ ուսման և հետագա գործունեության մեջ։






























