Այսօր Արցախի Հանրապետության Անկախության հռչակման 34-րդ ամյակն է։
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի խորհրդի համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Չնայած այն հանագամանքին, որ այսօր Արցախը բռնազավթված է Ադրբեջանի կողմից, անուամենայնիվ, Արցախի Հանրապետության Անկախության հռչակման գաղափարը մեծ կարևորություն ունի: Ուստի` արցախհայությունը խորհրդանշական դարձած Ազատության հրապարակում նախաձեռնել էր մեծ հանրահավաք։
Արցախի Հանրապետության Անկախության հռչակման օրվա առթիվ հայտարարոթւյուն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը մասնավորապես նշելով.
Այսօր, երբ Արցախի պետական կառույցները վտարանդի են, իսկ ժողովուրդը զրկված է իր հայրենի հողից, Արցախի Ազգային ժողովը՝ որպես առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմին, արտահայտելով հանրապետության ողջ բնակչության կամքն ու դիրքորոշումը, հարկ է համարում մեկ անգամ ևս շեշտել և միջազգային հանրությանը հիշեցնել.
- Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակումը հիմնված է այդ օրերին գործող Խորհրդային Միության օրենքների վրա, ուստի օրինական է և չի կարող կասկածի տակ դրվել բռնապետական ուժերի կողմից կիրառվող ճնշումների և կամայական մեկնաբանությունների լույսի ներքո։
- Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության և հարակից տարածքներում հազարամյակների ընթացքում ձևավորված հայկական ազգային մշակութային և կրոնական արժեքները մաս են կազմում համամարդկային քաղաքակրթության, և դրանց պահպանումն ու խնամքը միջազգային համապատասխան կառույցների գործառույթների անբաժանելի մասն են։
- Արցախի Հանրապետության տարածքում բնակված ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի օջախներ անօտարելի և բացարձակ իրավունք է, որի անտեսումը շարունակությունն է Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության։
- ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատում ներառված է նաև Արցախի ժողովրդի իրավունքների հարցը, ուստի այդ խմբի լուծարումը՝ առանց այդ իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների և երաշխիքների մշակման, անթույլատրելի է։
Վերը նշված հիմնավորումներից ելնելով՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը պահանջում է Հայաստանի Հանրապետության իշխանություններից և կոչ է անում միջազգային իրավասու կազմակերպություններին ու միջնորդ երկրներին՝ հայ-ադրբեջանական բանակցություններում օրակարգային հարց դարձնել գերիների և պատանդների ազատումը, արցախահայության վերադարձը հայրենի բնօրրան և պատմական հայրենիքում ազատ, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի ապահովումը։






























