Ֆրանսիան մտադիր է սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ում համաժողով անցկացնել Պաղեստինը ճանաչելու հարցով՝ անկախ Գազայի մարտերից և Իսրայելի իշխանությունների այլ որոշումներից, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ոչ մի հարձակում, ոչ մի անեքսիայի կամ բնակչության տեղափոխման փորձ չի կանգնեցնի այն թափը, որը մենք ստեղծել ենք (Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալման Ալ Սաուդ) հետ և որին արդեն միացել են բազմաթիվ գործընկերներ։ Կհանդիպենք Նյու Յորքում սեպտեմբերի 22-ին», – գրել է Մակրոնը X-ում։
Նա ասել է, որ թագաժառանգի հետ քննարկել է Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի կողմից Պաղեստինի վերաբերյալ համաժողովի համատեղ կազմակերպումը։ Նախագահը դատապարտել է Վաշինգտոնի որոշումը՝ չտրամադրել վիզաներ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցել պլանավորող պաղեստինցի պաշտոնյաներին և հիշեցրել է ԱՄՆ-ի պարտավորությունները որպես միջազգային կազմակերպություն հյուրընկալող երկիր։
«Մեր նպատակն է միավորել երկու պետությունների լուծմանը հնարավորինս լայն միջազգային ներդրումը։ Սա կներառի մշտական հրադադարի իրականացումը, բոլոր պատանդների ազատ արձակումը, Գազայի ժողովրդին մարդասիրական օգնության զանգվածային մատակարարումը և Գազայում կայունացման առաքելության տեղակայումը։ Մենք նաև աշխատում ենք ապահովելու համար, որ ապագայում Համասը զինաթափվի և հեռացվի Գազայի կառավարումից, որ Պաղեստինի ինքնավարությունը բարեփոխվի և ամրապնդվի, և որ Գազայի հատվածը լիովին վերակառուցվի», – գրել է Մակրոնը։





























