Արդեն 8-րդ անգամ Երևանում կանցկացվի Գրքի միջազգային փառատոնը։ Այն տեղի կունենա Հայաստանի պատմության թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, իսկ գրքի տոնավաճառը՝ Հանրապետության հրապարակում՝ թանգարանների դիմացի կամարաշարի տակ։
Փառատոնի ծրագրում ընդգրկված է շուրջ 50 միջոցառում՝ գրքի շնորհանդեսներ, պոեզիայի ընթերցումներ, գրական հանդիպումներ, մասնագիտական քննարկումներ, վարպետության դասեր և գրական մրցանակաբաշխություն։ Մասնակցելու են անվանի գրողներ, գրաքննադատներ ու հրատարակիչներ Հայաստանից և Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Լատվիայից, Վրաստանից, Ռուսաստանից, Չեխիայից, Հունաստանից, Նիդերլանդներից, Իրանից ու Միացյալ Նահանգներից։
Այս տարի փառատոնի նորամուծություններից է Վիլյամ Սարոյանի անվան կարճ արձակի մրցանակը, որի համար դիմել են 25 երկրի 108 մասնակիցներ։ Հաղթողը կստանա Սարոյանի բնօրինակ գունանկարներից մեկը։ Բացի այդ, Գրականության և արվեստի թանգարանում կցուցադրվեն Սարոյանի 104 գունանկարներ, բերված ԱՄՆ-ից։
Գրքի տոնավաճառին կմասնակցեն 50-ից ավելի հրատարակչություններ, գրավաճառներ, թանգարաններ, գրադարաններ և կրթամշակութային հաստատություններ՝ իրենց արտադրանքը ներկայացնելով 20-50% զեղչով։ Առաջին անգամ կիրականացվի նաև միջազգային հրատարակիչների այցի ծրագիր, որի շրջանակում նրանք հնարավորություն կունենան ծանոթանալու հայ հեղինակների ստեղծագործություններին և ընտրելու թարգմանության ու իրենց երկրներում հրատարակության համար։
Փառատոնի շրջանակում նախատեսված են նաև մարզային այցելություններ՝ սեպտեմբերի 28-ին Գյումրի և հոկտեմբերի 4-ին Կապան։
Փառատոնի հիմնադիրը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն է, գլխավոր հովանավորը՝ Երևանի քաղաքապետարանը։ Իրականացնողներն են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային ՀԿ-ն՝ Ստեղծագործ Եվրոպայի «Վերսոպոլիս» նախագծի աջակցությամբ։





























