Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին։
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղությունների։ Մասնավորապես՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ ջրի որակի վերահսկումից մինչև կլիմայական մարտահրավերների պայմաններում նորարարական լուծումների ներդրում, թափոնների տեսակավորման և վերամշակման հիմնախնդիրներ։ Այս համատեքստում նախարար Մաթևոսյանը ներկայացրել է արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգը, որը շուտով ներդրվելու է Հայաստանում։
Քննարկվել է նաև բնապահպանական ծառայությունների թվայնացման գործընթացը։ Նախարարը տեղեկացրել է, որ բնապահպանական պետական ծառայություններն այժմ ամբողջությամբ հասանելի են առցանց։
Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է վերջին շրջանում իրականացված օրենսդրական բարեփոխումները, որոնք միտված են բնապահպանական քաղաքականությունը դարձնել ավելի ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան։
Հանդիպման ավարտին առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովին՝ քննարկելով միջազգային գործընկերների հետ համագործակցության նոր հնարավորությունները։





























