Նախագծերի փաթեթով առաջարկվում է օրենսգրքով ամրագրված «հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգ» հասկացությունը շարադրել նոր խմբագրմամբ` համապատասխանեցնելով միջազգայնորեն ընդունված հասկացությանը, ինչպես նաեւ ամբողջականացնել ազատ ջրօգտագործման դեպքերը, համաձայն որոնց՝ հակահեղեղային միջոցառումների իրականացումը եւս կհամարվի ազատ ջրօգտագործում: Կհստակեցվեն եւ կսահմանվեն ջրօգտագործման թույլտվության հայտերի մերժման, ինչպես նաեւ էկոլոգիական թողքի հաշվառման դեպքերը:
Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ին հրավիրված նիստի ժամանակ ներկայացնելով ՀՀ ջրային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները:
Օրենսդրական փաթեթով ամրագրվում է, որ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի ժամկետի երկարաձգման դեպքում ջրօգտագործման թույլտվությունը երկարաձգվում է օրենսգրքով սահմանված կարգով:
Փոխնախարարի խոսքով օրենքի նախագծի ընդունման արդյունքում կստեղծվեն մեխանիզմներ ազգային ջրային պաշարի պահպանման, օգտագործելի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման միջոցով անհրաժեշտ քանակի եւ որակի, ջրով քաղաքացիների եւ տնտեսության պահանջների բավարարման եւ շրջակա միջավայրի էկոլոգիական կայունության ապահովման համար:
Օրենքների նախագիծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

























































































