ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Օվալաձև աշխատասենյակում Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի հետ հանդիպման ժամանակ, ենթադրել է, որ իր վարչակազմը կարող է միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չշարունակի համագործակցել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցություններում, հաղորդում է NBC News-ը։
Թրամփը հայտարարել է, որ ինքը որևէ ուղերձ չունի Պուտինին հղելու։
«Պուտինը գիտի՝ ում կողմում եմ ես, և նա այսպես թե այնպես որոշում կընդունի,- նշել է նա։ -Անկախ նրանից՝ ինչ որոշում է ընդունելու, մենք կամ գոհ կլինենք դրանից, կամ դժգոհ, իսկ եթե դժգոհ լինենք, կտեսնեք, թե ինչպես ամեն ինչ կփոխվի»։
Թրամփն ամիսներ շարունակ ակնարկել է, որ ԱՄՆ-ը կարող է մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա, մասնավորապես՝ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելով, բայց նրա վարչակազմը չի իրականացրել այդ սպառնալիքները։






























