Բրիտանիայի զինված ուժերը կարող են տեղակայվել Ուկրաինայում՝ հնարավոր խաղաղ համաձայնագրի կնքումից հետո։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարար Լյուկ Փոլարդը՝ նշելով, որ արդեն մեկնարկել է լայնածավալ ռազմական պլանավորումը։
«Ընթանում է զգալի ռազմական պլանավորում։ Այժմ մենք այն փուլում ենք, որ կարող ենք տեղակայել զորքեր, եթե խաղաղություն հաստատվի», — ասել է Փոլարդը Mirror պարբերականին տված հարցազրույցում։
Նա նաև նշել է, որ Մեծ Բրիտանիան առաջատար դեր է խաղում այն երկրների ցանկում որոնք համաձայնվել են Ուկրաինային տրամադրել ռազմական և տեխնիկական աջակցություն, ինչպես նաև նպաստել երկրի զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին։
Հավելենք, որ Լեյբորիստական կուսակցության նոր կառավարության ձևավորումից հետո Բրիտանիայում մեկնարկել են լայնածավալ ռազմական բարեփոխումներ։ Մասնավորապես՝ զգալիորեն ավելացվել են պաշտպանական ծախսերը, և ստեղծվել է զինված ուժերի հանձնակատարի պաշտոնը, ով հաշվետու է խորհրդարանին։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զորքերի ցանկացած տեղակայում Ուկրաինայում Ռուսաստանի համար անընդունելի է և կարող է հանգեցնել կտրուկ էսկալացիայի։ ՌԴ ԱԳՆ-ն նախկինում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների՝ այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և եվրոպական այլ երկրների կողմից արված հայտարարությունները նման տեղակայման հնարավորության վերաբերյալ անվանել է «մարտահրավեր և պատերազմական գործողությունների շարունակման խթան»։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման քաղաքական կողմերը՝ ցանկացած ձևաչափով։ Սակայն, ըստ նրա, մինչև այժմ Կիևը չի արձագանքել Ռուսաստանի առաջարկին Ստամբուլյան 2022 թվականի բանակցությունների ընթացքում ստեղծել երեք աշխատանքային խմբեր՝ հումանիտար, ռազմական և քաղաքական հարցերի առավել մանրակրկիտ քննարկման համար։
Անի Վարդանյան

























































































