Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթի դեմ ներկայացված հայցը հերթական անգամ մերժվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպես հայտնի է, փաստաբան Տիգրան Եգորյանը դիմել էր դատարան՝ մեր կայքում հրապարակված «Հայաստանի ժուռնալիստների միությունը հորդորում է դադարեցնել «Ժողովուրդ» օրաթերթի շուրջ սկսված արշավը» վերտառությամբ հոդվածի պատճառով, դրանում զետեղված որոշ արտահայտություններ համարելով վիրավորական և զրպարտչական՝ պահանջելով պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում։

Մասնավորապես, փաստաբանը վիրավորական էր համարել «․․․Իշխանությունների հետ առերևույթ փոխկապակցված փաստաբան Տիգրան Եգորյանի․․․», «․․․Լրատվամիջոցի խմբագրակազմը չի բացառում, որ անձամբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է հրահանգ տվել իր կողմից բարեհաճ վերաբերմունքի արժանացած փաստաբան Եգորյանին հետապնդելու իրենց լրատվամիջոցին․․․» արտահայտությունները։

Գործում առկա ապացույցներով, սակայն, չի հիմնավորվել տվյալ արտահայտություններով Տիգրան Եգորյանի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու փաստը։ Դատարանը արձանագրել է, որ հայցվորի կողմից վկայակոչված բառակապակցությունները, հիմքում ունենալով որոշակի իրադարձությունների վերաբերյալ ստացված փաստական տվյալների համախումբ, ըստ էության, հանդիսացել են դրանց կապակցությամբ հեղինակի անձնական կարծիքի հրապարկային արտահայտություն։

Դատարանը վերահաստատում է համոզմունքը, որ հայցվորի հեղինակությունը նսեմացնելու կամ վերջինիս նվաստացնելու՝ պատասխանողի դիտավորության առկայությունը արձանագրելու համար սույն գործով հաստատված հանգամանքներն անբավարար են։

Այսպիսով, դատարանն արձանագրում է, որ «առերևույթ կապի», «հրահանգներ ստանալու» վերաբերյալ հրապարակային կերպով արված արտահայտությունները եղել են որոշակի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ զրպարտող հատկանիշներից զուրկ գնահատողական վերաբերմունքի դրսևորումներ, իսկ հեղինակը հստակ մատնանշել է հրապարակման մեջ տեղ գտած պնդումների հավանական բնույթը և դրանց՝ վերացական դատողությունների արդյունք լինելու հանգամանքը։

Հետևաբար, հայցը գնահատվել է անհիմն և մերժվել։

Նշենք, որ Տիգրան Եգորյանի հայցը քննվում է 2022 թ․-ից, այն մի քանի անգամ վերադարձվել է դատարանի կողմից, հետո թողնվել առանց քննության, ապա Վերաքննիչ քաղաքացիական դատարանը այդ որոշումը բեկանել է և ուղարկել նոր քննության։

Այս ամբողջ ընթացքում լրատվամիջոցների իրավունքների պաշտպանությունը իրականացրել է «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության թիմը՝ ի դեմս փաստաբան Սառա Վանդունցի։ Շնորհակալ ենք բոլոր այն փաստաբաններին, ովքեր ներգրավված էին և մասնակցել լրատվամիջոցի դեմ ներկայացված հայցով մեր իրավունքների պաշտպանությամբ։




Լրահոս