ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը վերջերս վիրահատության է ենթարկվել՝ քաղցկեղային մաշկի բջիջները հեռացնելու համար։ Այս մասին իր կայքում հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան պետության նախկին ղեկավարի պաշտոնական ներկայացուցչին։
Նշվում է, որ վիրահատությունը կատարվել է Մոսի մեթոդով, որը համարվում է շատ արդյունավետ մաշկի քաղցկեղի դեմ պայքարում։ Բայդենն այժմ հաջողությամբ վերականգնվում է վիրահատությունից, հայտնել է նրա մամուլի քարտուղարը։ «Հստակ չէ, թե երբ է այս միջամտությունը կատարվել, բայց օգոստոսի վերջի տեսանյութերից մեկում նա (Ջո Բայդենը – խմբ.) դուրս է գալիս Դելավերի եկեղեցուց, և նրա գլխին թարմ սպի կա», – այս կապակցությամբ նշում է Sky News հեռուստաալիքը իր կայքում։
2023 թվականին, ԱՄՆ նախագահի պաշտոնում ծառայելիս, Բայդենն արդեն ենթարկվել է մաշկի քաղցկեղի հեռացման, հաղորդում է DW-ն։ Ինչպես այն ժամանակ ասել էր նրա բուժող բժիշկ Քևին Օ’Քոնորը, վիրահատությունը կատարվել է նրա կրծքավանդակի վրա, հեռացվել են մաշկի բոլոր տուժած շերտերը, և Բայդենն այդ ժամանակ որևէ հետագա բուժման կարիք չի ունեցել։
Նույն թվականին քաղցկեղային մաշկի բջիջները հեռացվել են ԱՄՆ այն ժամանակվա նախագահի կնոջ՝ Ջիլ Բայդենի մաշկից։ Վիրահատությունները կատարվել են աչքի վերևում և կրծքավանդակի վրա։





























