Այս տարվա հուլիսի 11-ին մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկման համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, ինչպես նաև քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։ Իրականացվել են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ։
Գործով ձերբակալվել էին 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն)։
Արդյունքում, պաշտպանները ահազանգեցին, որ ձերբակալվածները չէին կարող ահաբեկչության նախապատրաստվել, և հայտնաբերված իրերը «Սթրայքբոլ» խաղի համար էին նախատեսված։ Պաշտպանական կողմը պնդում էր, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդման դրսևորում է։
Այս ընթացքում ձերբակալվածներից մեկին՝ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանին, տեղափոխեցին դատարան կալանքի հարցով, և նա կալանավորվեց։
Ինչպես պարզվել է, այս գործի բացահայտման ելակետը եղել է հենց Անդրանիկ Չամիչյանի տատիկը։ Մասնավորապես՝ նա տանը նկատել էր տարօրինակ իրեր և, վախենալով պայթուցիկներին նմանվող առարկաներից, դրանք դուրս էր բերել տնից ու դրել շքամուտքի մոտ։ Հարևանները, տեսնելով շքամուտքում գտնվող իրերը, ահազանգել էին ոստիկանություն։ Դրանից հետո Անդրանիկ Չամիչյանը կալանավորվեց՝ ահաբեկչության նախապատրաստման մեղադրանքով։
Ներկայումս դատարան միջնորդություն է ներկայացվել 18-ամյա երիտասարդի կալանքը երկարացնելու համար։
Քնար Մանուկյան


























