Armenian text to speach

ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ՝ ՔԿ-ՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը վերջին օրերին տարբեր քրեակատարողական հիմնարկներից ակտիվորեն ստանում է լուրեր այն մասին, թե  առաջիկայում համաներում է սպասվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշ կալանավորների շրջանում վստահություն է ձեւավորվել, որ հնարավոր է՝ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների վրա ազդեցություն ունեցող համաներման գործընթաց սկսվի, եւ իրենք վաղաժամ ազատ արձակվեն։

Սակայն ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պաշտոնապես հերքեց այդ լուրերը՝ ընդգծելով, որ նման բան չկա։

Նկատենք, որ սա չի նշանակում, որ ապագայում այդպիսի գործընթաց չի կարող սկսվել. համաներում նախաձեռնելու իրավունքը պատկանում է Կառավարությանը եւ Ազգային ժողովին, իսկ նախընտրական տարիներին նման նախաձեռնություններ երբեմն օգտագործվում են որպես քաղաքական գործիք՝ հասարակության որոշ շերտերի, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց եւ նրանց ընտանիքների հավանական ձայները շահելու նպատակով։

Հիշեցնենք, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։ Թեեւ ընտրություններին դեռ երկար ժամանակ կա, սակայն քաղաքական ուժերն արդեն նախապատրաստական աշխատանքների փուլում են, եւ նման գործիքակազմի օգտագործումը բացառել չի կարելի։

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակելու է հետեւել թեմայի զարգացումներին եւ պարբերաբար հրապարակել միայն ստուգված ու պաշտոնական տեղեկություն:

 

 

 

 

 

Այս տարվա հունիսի 26-ին Նիկոլ Փաշինյանը, իր հերոսական «հատիկ-հատիկ» օպերացիայի գործունեությունը ներկայացնելով, հայտնել էր. «Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց, 22 հասցեում գտնվող մարզադաշտի 6.5 հա հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 123 մլն 224 հազար ՀՀ դրամ է»: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով օգոստոսի 18-ին հարցում էր ուղարկել Մարտունի համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանին՝ պահանջելով տեղեկություններ այս մարզադաշտի մասին, քանի որ մենք ինֆորմացիա ունեինք, որ այդ տարածքը պատկանել է Վազգեն Սարգսյանի զինակից ընկեր Հարություն Հարությունյանի միակ ժառանգին, որի ձեռքից պետությունը խլել է սպարապետի ժամանակ նրանց ընտանիքին տրված անշարժ գույքը: Եվ ահա, 14 օր անց քաղաքապետը «Ժողովուրդ» օրաթերթին սկանդալային պատասխան է տվել. «Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գետափնյա 2-րդ փողոց, 22 հասցեում գտնվող մարզադաշտի 6.5 հա մակերեսով անշարժ գույքը երբեւիցէ հանգուցյալ՝ Հարություն Հարությունյանի միակ ժառանգին չի պատկանել. նշված մակերեսով հողամասը ՀՀ Կառավարության 26.01.2006 թվականի թիվ 135-Ն որոշմամբ փոխանցվել է համայնքին»: Այս դեպքում հարց է առաջանում, թե 2006 թվականից համայնքապատկան հողակտորը Նիկոլ Փաշինյանը ինչպես է «հատիկ-հատիկ» վերադարձրել Մարտունի համայնքին ու պարծենում է վերադարձրածով՝ այն շուկայական արժեքով գնահատելով 123 մլն դրամ: Սա նշանակում է, որ հերթական անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաբում է քաղաքացիներին, ստում ու մոլորեցնում՝ թալանի վերադարձի հոգնեցնող վերնագրերով:

 

 

 

 

 

Քաղաքական ուժերը սկսել են ակտիվանալ՝ պատրաստվելով հաջորդ տարվա հունիսի 7-ին կաանալիք խորհրդարանական ընտրություններին: «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել քաղաքական ուժերի գործունեության եւ պլանների մասին կարճ տեղեկություններ: 2026 թվականին կայանալիք համապետական ընտրություններին ընդառաջ իր գործունեությունն է ծավալում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը՝ հանձին նախագահ Սուրեն Պետրոսյանի: «Ցանկացած քաղաքական գործընթացի տրամաբանության, գաղափարի հիմքում պետք է լինի ժողովրդի աջակցությունը», – համոզված է Սուրեն Պետրոսյանը: Այս տրամաբանությամբ էլ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունն իրականացնում է իր աշխատանքները, ծավալում այն երեք ուղղությամբ. առաջին՝ աշխատանք երիտասարդների հետ, երկրորդ՝ յութուբյան ալիքով ներկայացվում են պատմաքաղաքական իրադարձությունները նորովի վերլուծությամբ, երրորդ՝ մարզային, համայնքային այցելություններ, որտեղ ստեղծվում են օջախներ: Սուրեն Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բացառեց իր համախմբումն իշխանության կամ խորհրդարանական ընդդիմության հետ:

 

 

 

 

Սեպտեմբերի 1-ին Հայաստանում հնչեց ուստարվա առաջին զանգը՝ առանց մի շարք դասագրքերի, իսկ այբբենարանից ընդհանրապես հանված են Հայոց գրերի գյուտի եւ Մաշտոցի մասին տեղեկությունները: Հասարակական գործիչ Կարին Տոնոյանը ահազանգում է եւ պահանջում բացատրություն, թե ինչու է ստացվել այնպես, որ առաջին դասարանի այբբենարանի դասագրքից բացակայում է հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի ե՛ւ նկարը, ե՛ւ հայոց գրերի գյուտի մասին հատվածները։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմեց ԿԳՄՍ նախարարություն՝ պարզաբանում ստանալու, սակայն այնտեղից նախընտրեցին երկար մտածել, գրավոր պատասխանել պաշտոնական հարցմանը: Իհարկե, ստանալուն պես կհրապարակենք։ Բայց քանի որ աղմուկը շատ մեծ էր, գրքի հեղինակներից Աստղիկ Բալայանը ստիպված եղավ խոստովանական հայտարարություն տարածել. «Հարգելի՛ տիկին Կարին Տոնոյան, ինչ խոսք, միանգամայն ընդունելի է Ձեր դիտարկումը, որ Հայոց այբուբենը ստեղծողի նկարը պետք է լինի սովորողների առաջին դասագրքում, եւ, անկասկած, այդ բացը կլրացվի ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ հաջորդ հրատարակությունում։ Շնորհակալություն անչափ արժեքավոր դիտարկման համար… Սակայն ուզում ենք վստահեցնել, որ Մեսրոպ Մաշտոցը մեր դասագրքի սրտում է. մենք ընտրել ենք նրան ներկայացնելու այլ տարբերակներ եւս՝ կերպարը բացահայտելով առաջին երեք տառերը սովորելուց հետո. «է» տառը սովորելուց անմիջապես հետո այբբենարանի էջ 23-ի QR կոդի ներքո տեղադրված տեսանյութի միջոցով երեխաները տեսնում են նրա նկարները, լսում տառերի ստեղծման եւ Մեսրոպ Մաշտոցի հայրենանվեր գործի նպատակների մասին։

 

 

 




Լրահոս