«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնված փաստաթղթերը վկայում են, որ ՀՀ Ազգային ժողովը վերջին երեք տարիներին շարունակում է զարմացնել հանրությանը իր առանձնահատուկ գնումներով։ Թեեւ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի կազմակերպած գնումները պետք է ծառայեն խորհրդարանի գործունեությանը, սակայն փաստերն այլ բան են հուշում։
«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր այն մասին, որ «ՎԼՎ» խանութների ցանցից 2023-ի դեկտեմբերին ԱԺ-ն ձեռք է բերել 5 JBL ականջակալ՝ ընդհանուր 100.000 դրամ արժողությամբ։ Մնում է պարզել՝ արդյոք պատգամավորները որոշել էին ավելի լա՞վ լսել միմյանց բոցաշունչ ելույթները, թե՞ հենց այդ ականջակալների օգնությամբ է հնարավոր «չլսել» քննադատող ընդդիմադիրներին։
Հաջորդ անակնկալը 2024-ի հունիսին գնված Hisense սառնարան-ցուցափեղկն է՝ 289.000 դրամ արժողությամբ։ Բաց հարց է մնում՝ ի՞նչ պիտի ցուցադրվի Ազգային ժողովի սառնարանում. օրենքների նախագծե՞ր, թե՞ պատգամավորական արտոնությունները, որ այդքան թանկ են գնահատվում։
Նույն տարվա ապրիլին ԱԺ-ն գնում է կատարել նաեւ չորացնող սարք՝ 153.700 դրամով։ Ո՞ւմ կամ ի՞նչը պիտի չորացնեն խորհրդարանում. գուցե պատգամավորական խոստումնե՞րը, որ տարիներ շարունակ «խոնավ» վիճակում են մնում։
Բացի այս ամենից, նույն ամսին ձեռք է բերվել էլեկտրական ջրատաքացուցիչ՝ 62.000 դրամով։ Մինչդեռ 2025-ի ապրիլին գնվել է մեկ այլ ջրատաքացուցիչ ընդամենը 15.200 դրամով։ Իսկ մարտ ամսին իրականացվել է արդեն «թոփ» գնում՝ RoyaL Thermo RWH200XL ջրատաքացուցիչ՝ 235.000 դրամով։ Այս ամենից հետո արդարացի հարց է առաջանում՝ ո՞ւմ եւ ի՞նչ են այսքան տաքացնում խորհրդարանում։
Հիշեցնենք՝ սա առաջին դեպքը չէ։ Նախկինում Ազգային ժողովը աչքի էր ընկել՝ մանկական խաղալիքների խանութից օրորոցային խաղալիքներ, պարագաներ գնելով։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պետության հաշվին ձեռք էր բերել 2.5 մլն դրամ արժողությամբ ոսկե համրիչ՝ թազբեհ։
Ստացվում է, որ Ազգային ժողովի բյուջեն, օրենսդրական գործունեությունից զատ, ծառայում է նաեւ խորհրդարանական «կենցաղի հարմարավետությանը»։ Թե ինչու են այս գնումները պետբյուջեի հաշվին կատարվում եւ ինչ օգուտ են բերում երկրի օրենսդիր մարմնին ֆունկցիոնալ իմաստով՝ մնում է չպարզված:
Երեւանի քաղաքապետ, համատեղության կարգով «Պոլիտեխնիկ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը այս տարվա օգոստոսի 28-ին պարծեցավ, թե իբր վերջին չորս տարիներին «Պոլիտեխնիկ»-ում արդեն երրորդ անգամ աշխատավարձի էական բարձրացում է արվել։ Թվաբանությունը զարմացնում է անգամ փորձառու մաթեմատիկոսներին՝ 108%, 15%, 14% եւ 13%։ Թվում է՝ տոկոսները չեն վերջանա, եթե հաջորդ անգամ էլ նույն ոգեւորությամբ հայտարարի, թե «պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերը կրկին բարձրացել են, այս անգամ…՝ Երկնային աստիճաններով»։ Իրականում ի՞նչ կապ ունի նա աշխատավարձերի, համալսարանի կառավարման գործընթացի հետ, եթե իր պարտականությունները չի կարողանում պատշաճ կատարել: Տպավորություն է, թե Տիգրան Ավինյանին էլ է կլանել տոկոսների կախարդանքը։ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը արդեն վաղուց է ապացուցել, որ թվաբանական «անիմաստությունն» իր սիրելի սպորտաձեւն է։ Իսկ հիմա քաղաքապետը կարծես որոշել է հետ չմնալ այս մրցավազքից։ Այստեղ, սակայն, մի «փոքրիկ» խնդիր կա։ Քաղաքապետի պաշտոնը ունի ե՛ւ պարտականություններ, ե՛ւ պատասխանատվություն։ Իսկ պարտականությունների մասին Ավինյանը հիշում է կարծես միայն այն ժամանակ, երբ հարցն արդեն անլուծելի փակուղու առջեւ է։ Օրինակ՝ Երեւանի համայնքը նրա ղեկավարության օրոք ունի ավելի քան 14 միլիարդ դրամի պարտք։ Գույքահարկի հավաքագրման մակարդակը ողբերգական վիճակում է։ Քաղաքային տնտեսության կառավարումը՝ խայտառակ ձախողված. փաստերը բազմաթիվ են։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից Հայաստան են ժամանելու տարբեր շրջանակների ներկայացուցիչներ։ Իշխանական լավատեղյակ աղբյուրները մեզ փոխանցեցին՝ այցի օրակարգը վերաբերում է այն ծրագրին, որը հրապարակային դաշտում հայտնի է որպես «Թրամփի 42 կիլոմետրանոց միջանցք»։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ամերիկացի հյուրերը քննարկելու են ոչ միայն միջանցքի տեխնիկական ու քաղաքական մանրամասները, այլեւ ներդրումների ծավալը, առաջնահերթությունները, ինչպես նաեւ շինաշխատանքների մեկնարկի ժամկետները։ Ըստ աղբյուրների՝ այցի նպատակն է հստակեցնել քայլերի հաջորդականությունը, որոնք ուղղված են արդեն նախաստորագրված Թրամփ-Ալիեւ-Փաշինյան հուշագրի տարբերակի գործնական իրականացմանը։ Այս պահին պաշտոնական աղբյուրները լռում են թե՛ այցի մանրամասների, թե՛ օրակարգի մասին։ Սակայն «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննարկումները լինելու են փակ ձեւաչափով, իսկ որոշումները ուղիղ կապ են ունենալու տարածաշրջանում ճանապարհային նոր իրականություն ձեւավորելու հետ։
ՀՀ առողջապահության նախարարի եւ փոխնախարարի սոցցանցային ակտիվությանը զուգահեռ ոլորտային բացթողումներն աստիճանաբար դուրս են գալիս ջրի երես։ «Ժողովուրդ» օրաթերթն արդեն ահազանգել էր, որ հիվանդանոցներում պետպատվերների գումարը սպառվել է: Բուժհաստատություններում համատարած «մերժումներ» են եւ հիվանդների անթիվ հերթեր։ Ակնհայտ է, որ պետպատվերների հատկացումների ոլորտը համակարգող փոխնախարար Լենա Նանուշյանը, որը թեեւ նախարար Անահիտ Ավանեսյանի հետ ջերմ հարաբերություններ չունի, սերտ շփվում է ՊԱԳ-ի պետ Սամվել Խարազյանի հետ, ձախողել է այս ոլորտի կառավարումը, բայց շարունակում է պաշտոնավարել։ Հիշեցնենք՝ Նանուշյանը օրերս անհարմար վիճակում էր հայտնվել Ազգային ժողովում, երբ ՔՊ-ական պատգամավորները նրան մանրամասն օրինակներ էին ներկայացնում, որ հիվանդանոցներում երեխաների համար պետպատվերներ չկան, իսկ փոխնախարարը բարձրագոչ հնչեցնում էր՝ «մենք խնդիր չունենք»։ Սակայն փաստերն ու ահազանգերը այլ բանի մասին են խոսում։ Բանն այն է, որ պետպատվեր ստանալու համար հուլիսին հերթագրված բուժառուների մեծ մասի հերթը հասնում է հոկտեմբերին, իսկ արդեն սեպտեմբերին հերթագրվածների հերթը հասնում է նույնիսկ հաջորդ տարի։ Օրինակ՝ սրտանոթային հետազոտության կամ քաղցկեղային հետազոտությունների համար պահանջում են հերթագրում՝ նշելով, որ գումար չկա, այն դեպքում, երբ նմանատիպ հիվանդությունների դեպքում հրատապ բուժում է անհրաժեշտ։



















































































