Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իվետ Կուպերին Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնել Միացյալ Թագավորության արդեն նախկին նախարար Դեյվիդ Լեմիին, որը նշանակվել է ՄԹ փոխվարչապետ-արդարադատության նախարար։
Արարատ Միրզոյանն այդ մասին գրառումներ է արել X-ի իր միկրոբլոգում։
Շնորհավորելով Իվետ Կուպերին Միացյալ Թագավորության ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ՝ Արարատ Միրզոյանը նշել է՝ ակնկալում է, որ միասին կաշխատեն Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերությունը խորացնելու, ինչպես նաև տնտեսական հարաբերությունները խթանելու ուղղությամբ։
«Ձեզ հաջողություն եմ մաղթում այս նոր պաշտոնում».- գրել է Միրզոյանը։
Շնորհակալություն հայտնելով Դեյվիդ Լեմիին ՄԹ արտաքին գործերի նախարարի պաշտոնում Հայաստանի հետ գործընկերությունը զարգացնելու ուղղությամբ նվիրված աշխատանքի համար ՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ համատեղ աշխատելը իր համար մեծ պատիվ է եղել։ «Շնորհավորում եմ Ձեզ Միացյալ Թագավորության փոխվարչապետ-արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ։ Ձեզ ամենայն հաջողություն եմ մաղթում այս նոր պաշտոնում»,- գրել է Արարատ Միրրզոյանը։






























