Առաջարկվում է վարժական հավաքներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում հստակեցնել խուսափման դրսեւորման ձեւերը:
Խորհրդարանը սեպտեմբերի 8-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսեւորման ձեւերն օրենսդրորեն սահմանելու, արարքի նկարագրությունը հստակեցնելու եւ մի շարք հանգամանքների զուգորդմամբ արարքը կատարված լինելու համար պատասխանատվության խստացման, ինչպես նաեւ ռազմական ոստիկանության խնդիրները եւ լիազորությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ներկայացմամբ Ռազմական ոստիկանության իրավասություններում հստակեցվում է Ռազմական ոստիկանության գործունեությունը ոչ միայն հանցագործությունները կանխելիս եւ խափանելիս, այլեւ հայտնաբերելիս եւ բացահայտելիս: ՌՈ-ին իրավասություն է վերապահվում աջակցել զինվորական կոմիսարիատերին քաղաքացիների զինվորական հաշվառման, պարտադիր կամ զորահավաքային զորակոչի, պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման գործընթացում:
Արման Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող կարգավորումների վերաբերյալ:
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:

























































































