ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ArmLur.am լրատվականի հետ զրույցում անդրադարձավ երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Ազգային ժողովում տեղի ունեցածին, երբ Արթուր Հովհաննիսյանը վիրավորական և զրպարտող հայտարարություններով հանդես եկավ՝ այս անգամ թիրախավորելով ընդդիմադիր կին պատգամավոր Թագուհի Թովմասյանին:
‹‹Ես վրդոհված եմ այն փաստից, որ, կարծես թե, մտածված, կանխամտածված Ազգային Ժողով է ներմուծվում խուժանական մշակույթը:
Ես այլ խոսք չեմ գտնում: Գիտե՞ք, դա վիրավորական է ոչ միայն ԱԺ-ի համար, այլև համայն հայության ու պետության համար: Ես գտնում եմ, որ նորմերը, որոնք գոյություն ունեն, պետք է ամբողջովին գործեն՝ տվյալ դեպքում ոչ միայն տեղի ունեցածը պատժելու համար, այլ կանխելու ապագայում նման երևույթները››,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
ՀՀ առաջին ՄԻՊ-ը նշում է, որ իր պահանջը շարունակում է նույնը մնալ. ‹‹Եթե մարդը չի տիրապետում իրեն, եթե նա համապատասխան դաստիարակություն չունի, ապա նա ինքը պետք է վայր դնի իր մանդատը››:
Արդյոք քպ-ական պատգամավորը կհասկանա իր սխալը՝ Ալավերդյանը նշեց. ‹‹Հասկանալն ուժեղ բառ է: Այս պարագայում միայն կոշտ գործողություններով կարելի է պատասխանատվության ենթարկել: Ներողություն խնդրելը բավարար չէ: Հստակ պետք է գործել ԱԺ կանոնակարգի համաձայն, ինչ է ընդհանրապես տվյալ պարագայում պարտադրում էթիկայի նորմերը և գործել ըստ այդմ››:
Ի՞նչ անելիք ունի ՀՀ արդարադատության համակարգը՝ ՀՀ առաջին ՄԻՊ-ը նշեց. ‹‹Արդարադատության համակարգը պիտի արդարադատության համակարգ լինի, այլ ոչ թե անարդարադատության››։
Նանիկ Աղասյան





























