Armenian text to speach

Բազմաշերտ համադրություններ. 2025-ի աշուն-ձմեռ սեզոնի ոճային շեշտադրումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մի քանի տարվա ընթացքում օվերսայզ ոճի մեծ տարածումից հետո դիզայներները կրկին ուշադրություն են դարձնում կանացիությանը եւ հստակ ընդգծված գծերին։ Եթե նախորդ սեզոնները նվիրված էին ազատությանը, առավելագույն հարմարավետությանը, ապա 2025-ի աշունը կրկին նորաձեւություն է վերադարձնում կիպ ուրվագծերը, էլեգանտ դասականը եւ գրասենյակային ոճի նոր մեկնաբանությունը։ Կանացիությունն այլեւս չի ընկալվում որպես գործնականության հակադրություն. ընդհակառակը, այն դառնում է ինքնավստահության, էներգիայի եւ ուժի խորհրդանիշ։ Միեւնույն ժամանակ թրենդներում շարունակում են մնալ տարբեր գործվածքների խաղը, թափանցիկությունն ու բազմաշերտությունը, որոնք թույլ են տալիս դասականը հարմարեցնել ժամանակակից կյանքի ռիթմերին։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե որոնք են 2025 թվականի աշուն-ձմեռ սեզոնի թրենդային դետալները:

Այս շրջանում ակտուալ են բարդ համադրությունները, որտեղ յուրաքանչյուր հագուստի շերտ երեւում է նախորդի տակից։ Օրինակ՝ բարձրօձիք բլուզ՝ վերնաշապիկի տակ, որը լրացված է ժիլետով կամ կարդիգանով, իսկ դրանց վրա՝ բաճկոն կամ վերարկու։ Կարեւոր է այս պարագայում պահպանել համաչափությունը. դրա համար արժե համադրել տարբեր երկարություններ, գործվածքներ եւ գույներ։

Բացի դրանից, նորաձեւության մասնագետները թույլ են տալիս ոչ ակնհայտ համադրություններ։ Օրինակ՝ ամառային զգեստը ջինսերի վրա, կարճ տոպը՝ բլուզի վրա, կամ տարբեր երկարությունների մի քանի կարդիգան միասին։ Այս չափազանցված բազմաշերտությունը պահանջում է ճաշակ եւ ոճի զգացում, բայց փոխարենը հնարավորություն է տալիս ստեղծել հիշվող եւ արտահայտիչ կերպար։

Ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում նաեւ բարձր օձիքների թրենդը։ Նորաձեւության տների հավաքածուներում հաճախ ուշադրությունը սեւեռվում է պարանոցի վրա. վերարկուները զարդարվում են շարֆերով կամ թիկնոցներով, որոնք ամբողջությամբ ծածկում են դեկոլտեի գոտին։ Դասական V-աձեւ բացվածքները աստիճանաբար զիջում են տեղը առավել բարձր օձիքներին։ Այս միտումը միաժամանակ ուղղված է նաեւ գործնականությանը եւ հարմարավետությանը տարվա սառը եղանակներին։

Արհեստական մորթին նույնպես չի մնում անցյալում, այլ դառնում է 2025 թվականի աշուն-ձմեռ սեզոնի նոր թրենդ։ Այն հիշեցնում է անցած տարիների բոհեմյան էսթետիկան, սակայն՝ արդի մեկնաբանությամբ։ Այժմ այն հայտնվում է ոչ միայն հագուստի, այլեւ կոշիկների ու աքսեսուարների մեջ՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին իր պահարանում ավելացնել շքեղության եւ գլամուրի նուրբ շեշտադրումներ։

Կրկին առաջատար դիրք է գրավում նաեւ ժանյակը, հատկապես՝ ռետրո ոճում։ Նորաձեւ են դառնում նուրբ, գոթական բլուզները փքված թեւքերով, երկար զգեստներն ու վիկտորիանական ոճի շրջազգեստները, մետաքսյա կոմբինեզոնները՝ ժանյակային հարդարանքով, նույնիսկ՝ այս նյութից պատրաստված գլխարկները։ Գունապնակը չի սահմանափակվում միայն դասական սպիտակով. պահանջված են նաեւ հագեցած երանգները։

Սակայն կարեւոր է ճիշտ ոճավորել ժանյակը։ Այն կարելի է ներառել բազմաշերտ համադրություններում եւ զուգել կոնտրաստային հագուստի ու կոշիկների հետ։ Օրինակ՝ ժանյակե բլուզները համադրել բայքերական կաշվե բաճկոնների կամ կոպիտ կոշիկների հետ։

Աշուն-ձմեռ սեզունին շարունակվում են թրենդային համարվել խոշոր զարդերը, հատկապես՝ ականջօղերը: Դրանք կարող են լինել երկրաչափական տարբեր պատկերներ, դեմքի ուրվագծեր, ծաղիկներ եւ այլն: Մարգարտե քարերով մոդելները հատկապես հիանալի համադրություն են կազմում երեկոյան կերպարների հետ:

Այս տարի ոճային կերպարներն ամբողջացնում են փոքրիկ պայուսակները, դասական ճանապարհորդական պայուսակները, որոնք ոչ միայն ակտուալ են, այլեւ տարողունակ, ինչպես նաեւ մորթիով մոդելները, որոնք ի դեպ, այժմ ստեղծվում են ոչ թե առօրյա թեթեւ կերպարների համար, այլեւ համադրելի են դասական շքեղ ոճի հետ:




Լրահոս