Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, երբ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը զրպարտել և վիրավորել է ընդդիմադիր կին պատգամավոր Թագուհի Թովմասյանին:
«Որքան կարելի է կանանց թիրախավորել, չհարգել անձնական և ընտանեկան կյանքը, հետո կասեք կնամեծար, մայրերին հարգող ու սիրող ենք, ոչ, չեք։ Հետո էլ ուզում եք, որ կանայք մասնակցեն ընտրություններին ու հայտնվեն խորհրդարանում։ Կինը, որը նախկինում ձեր թիմակիցն էր, հիմա քանի որ չէ, ուրեմն կարելի՞ է բացել գաղջ բառապաշարը։ Դա ձեր մշակույթի մասին է խոսում, ոչ թե տվյալ կնոջ։
Ի դեպ, վերջերս «Կանանց թիրախավորումը մեդիայում» թեմայով հետազոտություն էի իրականացնում ու դիտարկում 2022-2025 թթ․ մեդիայում որոշումների մակարդակում ներկայացված կանանց մասին հրապարակումները, ու գիտե՞ք ինչ պարզեցի, որ այդ նյութերի գերակշիռ մասը բացասական է (71.4%), դրական հրապարակումները նվազագույն են (2.1%)։ Եվ նույնիսկ չեզոք թվացող հրապարակումները սոցիալական մեդիայում դարձյալ դառնում են սեքսիստական, վիրավորական ու ատելության խոսքի համար պարարտ հող։ Այդ խոսույթը հիմնականում տարածում են հենց բարձր դիրքեր գրավող տղամարդիկ, իսկ մեդիահարթակներում տեղի է ունենում տղամարդ քաղաքական գործիչների սեքսիստական խայտառակ խոսույթի անխափան տիրաժավորում՝ առանց քննադատության կամ սեքսիզմի անընդունելիության ընդգծման։
Ընդհանրապես, մեդիայում առավել հաճախ կիրառվում են հետևյալ մեխանիզմները՝
– անհատական արժեզրկում և սեքսիստական արտահայտություններ,
– գենդերային ապատեղեկատվություն (օրինակ՝ ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրության քննարկումների շուրջ),
– սենսացիոնիզմ և ֆրեյմինգ («հիստերիկ ճղրտոց», «բամբասանք»),
– կանանց սեռականության և արտաքին տեսքի շահարկում,
– ուժային և բարձր պաշտոններում կանանց ներկայության նկատմամբ անվստահություն։
Առնվազն, եթե որևէ բովանդակային բան չունեք խոսելու, կարող եք փակել ձեր բերանները։
ԼՌԵ՛Ք»

























