Armenian text to speach

Հայաստանի պատմության թանգարանը և Բրիտանական թանգարանը Լոնդոնում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 7-10-ն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում։ Պատվիրակության կազմում են Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, այցի շրջանակում Լոնդոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև։ Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, բրիտանական կողմից՝ Բրիտանական թանգարանի տնօրեն Նիկոլաս Քուլինանը։

Պաշտոնական արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը, ՀՀ պաշտոնական պատվիրակության անդամներ, Բրիտանական թանգարանի ստորաբաժանումների ղեկավարներ, հրավիրյալ գիտնականներ:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջույնի խոսքում կարևորել է երկու թանգարանների միջև մշակութային և մասնագիտական երկխոսության խորացման հնարավորությունը՝ ընդգծելով, որ ստորագրված փաստաթուղթն ամրագրում է համագործակցության նոր հեռանկարներ: Նրա խոսքով՝ 2024 թ. Հայաստանի պատմության թանգարանում Բրիտանական թանգարանի հետ համատեղ կազմակերպված «Մայր Աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դինամիկ և զարգացող համագործակցության մշակութային օրակարգի կարևոր կետերից է, որը նաև ամուր հիմք է  հետագա համագործակցության զարգացման համար:

Ալֆրեդ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ հուշագիրը կխորացնի միջմշակութային համագործակցությունը՝ նպաստելով գործընկերության ընդլայնմանը, նոր կապերի ձևավորմանը և մշակութային փոխանակումների զարգացմանը։

Նշվում է, որ Միացյալ Թագավորություն կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ  Քոչարյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը և ՄԹ-ում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն այցելել են Բրիտանական գրադարան։ Նրանք ծանոթացել են գրադարանի հավաքածուներին և աշխատանքային միջավայրին։ Քննարկումների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն նոր համագործակցության վերաբերյալ։

Նախարարի տեղակալն այցելել է նաև այլ մշակութային հաստատություններ։

 




Լրահոս