Կատարը խստագույնս դատապարտել է Իսրայելի կատարած հարձակումը երկրի մայրաքաղաք Դոհայի վրա։ Հոկտեմբերի 7-ից տարածաշրջանում ընթացող ռազմական գործողությունների ֆոնին, սա առաջին դեպքն է, երբ պատերազմը դուրս է գալիս Գազայի գոտու սահմաններից եւ ուղղակիորեն հարվածում է Պարսից ծոցի պետություններից մեկին։
Հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի օրը։ Իսրայելական զինուժերը հրթիռակոծել են Դոհայի կենտրոնում գտնվող բնակելի շենքը, որտեղ՝ ըստ տեղեկությունների, մի քանի «Համաս»-ի ներկայացուցիչներ քննարկում էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր զինադադարի առաջարկը։ Արդյունքում զոհվել են խմբավորման հինգ անդամներ, այդ թվում՝ գլխավոր բանակցողներից Խալիլ Ալ-Հայյայի որդին՝ Հումամը։ Զոհերի թվում է նաեւ Քաթարի ներքին անվտանգության ուժերի ղեկավար Բահդեր Ալ-Հումայիդի Ալ-Դոսարին։
Հարձակման հաջորդ օրը մամուլի ասուլիսի ընթացքում երկրի վարչապետն ու արտգործնախարարը՝ շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին, հարձակումը որակել են որպես «պետական ահաբեկչություն» եւ ընդգծել, որ դա ուղիղ հարձակում է Քաթարի ինքնիշխանության եւ ազգային անվտանգության վրա։ «Այս քայլը ցույց է տալիս, որ տարածաշրջանում գործում է մի ուժ, որը դիտավորյալ ստեղծում է քաոս, խախտում միջազգային իրավունքն ու սուվերենությունը։ Սա հստակ օրինակ է պետական ահաբեկչության», — ասել է նա։
Նա նաեւ ընդգծել է, որ Նեթանյահուի հայտարարությունները, թե ինքն է պատրաստվում «վերաձեւել Մերձավոր Արեւելքը», իրականում վտանգավոր ուղերձ են ոչ միայն Կատարի, այլեւ Պարսից ծոցի պետությունների համար։
Քաղաքական սպառնալիքի լրջությունը հաշվի առնելով՝ Ալժիրն ու Պակիստանը դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հրատապ նիստ հրավիրելու համար։ Երկու երկրներն էլ իրենց համերաշխությունն են հայտնել Կատարին՝ գնահատելով, որ տարածաշրջանը կանգնած է նոր պատերազմի շեմին, եթե նման գործողությունները չզսպվեն։
Նյու Յորքում Քաթարի մշտական ներկայացուցիչ Շեյխա Ալյա Ալ Թանին հատուկ նամակ է ներկայացրել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի եւ ԱԽ անդամների ուշադրությանը։ Նամակում նշվում է, որ Իսրայելի «քրեական ագրեսիան» սպառնում է ոչ միայն Քաթարին, այլեւ ամբողջ Պարսից ծոցի կայունությանը, եւ որ Դոհան «չի հանդուրժի նման անպատասխանատու քայլեր»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցույց է տվել երկակի վերաբերմունք․ ըստ բացառիկ աղբյուրների՝ նա նախապես թույլտվություն է տվել գործողությանը, սակայն մամուլին հայտնել է, թե «չի ոգեւորվել այդ գաղափարից»։
Հարձակումը Դոհայի վրա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը փորձում էր նոր զինադադար հաստատել Գազայի գոտում։ Կատարը, Եգիպտոսը եւ ԱՄՆ-ն արդեն մի քանի անգամ մասնակցել են միջնորդական գործընթացներին։ Նախորդ՝ հունվարին կնքված պայմանավորվածությունը Իսրայելը խախտեց մարտի 18-ին։
Ըստ վերջին տվյալների՝ 2023թ․ հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի ռազմական գործողությունների հետեւանքով Գազայի գոտում զոհվել է առնվազն 64,656 մարդ, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ են։ Շատերը շարունակում են մնալ փլատակների տակ։ Միջազգային կազմակերպությունները որակել են սա, որպես ամենալուրջ հումանիտար ճգնաժամերից մեկն է վերջին տասնամյակների ընթացքում։
Անի Վարդանյան

























































































