Armenian text to speach

Կազմակերպվել է շենքերի ու շինությունների էներգաարդյունավետության վերաբերյալ աշխատաժողով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Քաղաքաշինության կոմիտեի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ կազմակերպվել է շենքերի ու շինությունների էներգաարդյունավետության վերաբերյալ աշխատաժողով։

Նպատակն է քննարկել ՀՀ-ում գործող էներգաարդյունավետությանն առնչվող իրավական կարգավորումներն արդիականացնելու, շինարարական նորմեր մշակելու հնարավորությունը` դիտարկելով Մոլդովայում ԵՄ շենքերի էներգախնայողության ուղեցույցի (EPBD) ներդրման փորձը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը ողջույնի խոսքում ներկայացրել է էներգաարդյունավետությանն առնչվող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ամբողջական փաթեթ մշակելու կոմիտեի մտադրությունը.

«Հաշվի առնելով էներգաարդյունավետության նոր տեխնոլոգիաների կիրառման կարողություններ ու գիտելիք ունեցող մասնագետների ոչ մեծ շրջանակը Հայաստանում՝ մեր նպատակն է մեկտեղել բոլորի ջանքերը և GIZ Հայաստանի օգնությամբ ուսումնասիրելով ԵՄ նորմերի տեղայնացման այլ երկրների փորձը՝ մշակել արդյունավետ կարգավորումներ, նորմեր, որոնցով առաջնորդվելով մասնագետները կկարողանան ճիշտ նախագծել, կառուցել և շահագործել էներգաարդյունավետ շենքեր»։

GIZ-ի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Օլգա Վայգելը նշել է, որ աշխատաժողովն անցկացվում է Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող ու GIZ-ի կողմից իրականացվող «SE4Resilience» ծրագրի շրջանակում։

Աշխատաժողովի ընթացքում «Tetra Tech» ընկերության տնօրենը և փորձագետները ներկայացրել են Մոլդովայի էներգետիկ անվտանգության գործունեության (MESA) ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, ընդհանուր մեթոդաբանությունը։ Դիտարկվել են իրականացված գործողությունները, հիմնական արդյունքները, ծագած խնդիրները և քաղված դասերը։ Քննարկվել են նաև Հայաստանի էներգաարդյունավետության բարեփոխումների օրակարգի հիմնական բացերը։

Աշխատաժողովին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի, միջազգային կազմակերպությունների և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։




Լրահոս