Ի՞նչ են ասում Հովիկ Աբրահամյանի «անկեղծ աչքերը»․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տիգրան Սարգսյանը վեց տարվա վարչապետ էր եւ միայն հրաժարականի դիմումից հետո իջավ իր բարձունքից ու օրերս գնաց Կառավարության շենքի առջեւ հավաքված «Դեմ դեմ» շարժման ցուցարարների մոտ՝ արժանանալով նրանց սուլոցներին: Իսկ ահա 5 օր առաջ վարչապետ նշանակված Հովիկ Աբրահամյանը երեկ հատուկ թիկնապահներով ահագին ճանապարհ կտրեց, հասավ Բաղրամյան 26՝ հանդիպելու նույն ցուցարարներին: Ու թեեւ ԱԺ նախկին նախագահի ղեկավարած կառույցում էր ընդունվել «Կենսաթոշակային բարեփոխումների մասին» ՀՀ օրենքը, որից դժգոհում են «Դեմ եմ» շարժման անդամները, այնուամենայնիվ, Հովիկ Աբրահամյանը երեկ երիտասարդներին խնդրում էր հավատալ իրեն. «Եթե նայեք աչքերիս, կտեսնեք, որ անկեղծորեն եմ ասում»: Իսկ ի՞նչ են ասում Աբրահամյանի «անկեղծ աչքերը». «Մեզ ժամանակ է հարկավոր, բայց որ քայլեր են արվելու, հավատացեք, խնդրում եմ: Ես առաջին քայլը կատարել եմ: Մեր քննարկումները չպետք է լինեն փողոցում»: Դե իհարկե, իր բնորոշմամբ «երեք օրվա վարչապետ» Հ. Աբրահամյանը (իրականում երեկ նրա պաշտոնավարման 5-րդ օրն էր) գերազանց պատկերացնում է, որ ներկայիս իրավիճակում միակ լուծումը ժամանակ ձգելն է: Ժամանակը «բուժիչ» հատկություն ունի, հանդարտեցնում է հուզումները, խաղաղեցնում կրքերը: Հատկապես որ փորձն աչքի առջեւ է` ոչ վաղ անցյալում Րաֆֆի Հովհաննիսյանի «փոթորիկն», ի վերջո, ՀՀ ոստիկանապետի հետ համատեղ աղոթքով հանդարտվեց»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 




Լրահոս