ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի բնակիչները հայտնում են, որ իրենց համայնքի ղեկավարն անգործության է մատնված: Այս բողոքով նրանք դիմել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանին: Ջրվեժի բնակիչներն ArmLur.am-ին հայտնում են, որ մարզպետին տեղեկացրել են, որ վերջին շաբաթների ընթացքում իրեն բազմաթիվ-բողոք դիմումներ են ուղարկել Ձորաղբյուրի դպրոցի ճանապարհի անվտանգության և բնակիչների բնականոն կյանքի խաթարման աննախադեպ իրավիճակի մասին՝ ինչ-որ բիզնեսի կողմից և այդ ուղղությամբ համայնքի ղեկավարի «գործունեության» մասին: Ինչպես բնակիչներն են մեզ հայտնում՝ ցավոք, առ այսօր բացի ենթադրյալ տառասխալների ուղղումից, այլ արձագանք չեն ստացել:
Քաղաքացիները համայնքի ղեկավարին հիշեցնում են իր գործունեության մաին.
«Հիշեցնում ենք համայնքի մեծարգո ղեկավարի հիշատակված «գործունեությունը»՝
– սույն խնդրով ճանապարհների փակման կապակցությամբ եկավ հանդիպման Ձորաղբյուր և նույնպես մտահոգություն հայտնելով հայտնեց, որ ճանապարհային նշաններ են պատվիրել և շուտով կտեղադրեն, իսկ մնացածը մարզի գործն է,
– մոտ երկու շաբաթ առաջ հանդիպեցինք մեծարգո պարոն Սանթրոսյանին, որը ուրախալի լուր հայտնեց, այն է՝ արդեն ճանապարհային նշանները տեղադրվում են ոստիկանության հսկողությամբ, սակայն առ այսօր ո՛չ նշանները կան և ո՛չ էլ ոստիկաններն, այսինքն՝ լիակատար ժողովրդավարություն,
– Մեկ շաբաթ առաջ զանգահարեցինք մեծարգո Պարոն Սանթրոսյանին, փորձում էր խուսանավել խոսակցությունից՝ սկզբից ասեց զբաղված է, հետո՝ ավելի ուշ փորձեք և այսպես շարունակ ու վերջում ասեց, որ երբ պատասխան կունենա ինքը կզանգահարի․․․Սակայն, առ այսօր պատասխան չունի․․․»:
Ջրվեժ համայնքի բնակիչը դիմելով մարզպետին նշում է. «Մենք ապրում ենք «ժողովրդավարական բաստիոնում», առայժմ խուսափում ենք, արժանի գնահատական տալ մեծարգո սույն ղեկավարի գործունեությանը, սակայն հուսով ենք, որ Դուք վերջապես կքննարկեք մեր բողոքը վերջինիս մասին»։
Ջրվեժի բնակիչները նաև լուսանկարներ են տրամադրել մեզ:
Նանիկ Աղասյան
Լուսանկարները՝ ստորև.






























