«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի գործով նոր փաստեր են ի հայտ եկել, եւ չի բացառվում, որ այս գործն անկանխատեսելի ընթացք ստանա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ, ըստ ամենայնի, Կիպրոսում հաստատվել է, որ օֆշորային փաստաթղթերի տակ դրված է Տիգրան Սարգսյանի ստորագրությունը: Իսկ եթե այդ ամենը հանկարծ պաշտոնապես հաստատվի, Տիգրան Սարգսյանի դիվանագիտական առաքելությունը երեւի թե առկախվի, քանզի առաջ կգան քրեական պատասխանատվության խնդիրներ: Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ ՀՀ դատախազությունից հաստատեցին, որ Կիպրոսի դատախազությունից ստացել են նոր փաստաթղթեր, սակայն նախաքննական գաղտնիքից ելնելով չհրապարակեցին դրանց բովանդակությունից որեւէ տվյալ: Իսկ փորձը հուշում է, որ երբ պետական մարմինները որեւէ գործի վերաբերյալ տեղեկատվությունը հասարակությունից գաղտնի են պահում, ապա դա ուղիղ հաստատումն է լրատվամիջոցների ունեցած լուրերի հավաստիությանը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: