ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․
«Արթուր Հովհաննիսյանը պետք է մանդատը վայր դնի, ներողությունով հարցը չի լուծվում
- Շնորհակալ եմ բոլորիդ՝ այն հարյուրավոր ծանոթ-անծանոթներին, ովքեր իրենց աջակցությունը հայտնեցին՝ զանգահարելով, գրելով, անձնապես մոտենալով, կողքիս կանգնելով։
- Վերստին համոզվեցի, որ ողջախոհությունը համախմբող է, եւ ես էլ միայնակ չեմ իմ ճշմարտության պաշտպանության ճանապարհին։
- Շնորհակալ եմ քաղաքական ու հասարակական գործիչներից, տարբեր կառույցների ներկայացուցիչներից ու անհատներից։
Իշխանական խմբակցության քարտուղարի խուլիգանական վարքագիծը դատապարտող բոլորիդ խոսքն արժեքավոր է։ - Հատուկ շնորհակալություն ԱԺ կին պատգամավորներին, ովքեր օպերատիվ դիրքորոշում հայտնեցին՝ ՔՊ քարտուղարի անընդունելի պահվածքի փաստով։
- Շնորհակալություն նաև ընդդիմադիր երկու խմբակցություններին` էթիկայի հանձնաժողով ձևավորելու պատրաստակամության համար։
- Թող տարօրինակ չհնչի, բայց շնորհակալ եմ նաև ՔՊ-ի այն հատուկենտներին, ովքեր կամք դրսևորեցին՝ դատապարտելու Արթուր Հովհաննիսյանի անպատկառ վարքագիծը։ Այո՛, նույնիսկ իշխանության ներսում կան մարդիկ, ովքեր ամաչում են իրենց խմբակցության քարտուղարի քստմնելի վարքի համար՝ վախենալով բարձրաձայնել։
- … Շարունակելով՝ ընդգծեմ, որ իմ՝ ԱԺ նախագահին ուղղված գրությունը, որով պահանջել եմ պարտավորեցնել Արթուր Հովհաննիսյանին թմրաթեստ հանձնել, լիովին իրավաչափ է։ Նոր կարգով՝ 2025-ի օգոստոսի 1-ից այդ պարտականությունը դրված է բոլոր բժիշկների վրա։ Այն, ինչ իշխանությունը պահանջում է բժշկից, պետք է պահանջվի նաև պատգամավորից, նախարարից, մյուս պաշտոնյաներից:
- …Երկրորդ՝ Արթուր Հովհաննիսյանի վարքագիծը ակնհայտորեն դուրս է ԱԺ պատգամավորի էթիկայի նորմերից։
Սթափությունն ու բարեվարքությունը ադեկվատության կարևորագույն բնորոշիչներն են, առանց որի վտանգվում է պետական ապարատը։Իմ առաջարկը բխել է ԱԺ ինստիտուտի պաշտպանության շահերից, ինչին ի պատասխան հնչել են ոչ թե բովանդակային հակափաստարկներ կամ քաղաքական գնահատականներ, այլ` կեղտոտ, սեփական փչացածությունը որպես օրինաչափություն մատուցող զազրախոսություններ։ Արդյունքում, կնոջը՝ իբրև ստորացնելու տեխնիկան, բացարձակ բումերանգի էֆեկտ ապահովեց մի մարդու համար, որն իրականում գուցե օգնության կարիք ունի այսօր։
Ինչ վերաբերում է ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելուն, ապա չեմ ուզում սիմվոլիզմի հետևից ընկնել։ Արդեն պարզ է, այդ հանձնաժողովը, միևնույնն է, Արթուր Հովհաննիսյանին պատժելու քաղաքական կամք չի դրսևորելու, ուրեմն՝ իմաստ չկա դրա վրա աշխատելու: Իշխանականների ամբարտավան լռությունն ասածիս ապացույցն է:
Բայց ակնհայտ է, որ ո՛չ էթիկայի հանձնաժողովը, ո՛չ երեկվա ներողությունը չեն փակում այս խայտառակ պահվածքի էջը։ Արթուր Հովհաննիսյանը հատել է կարմիր գիծը, որն ավաղ ոչ թե վերջակետ է, այլ` նախադեպ, որը չի կարող անպատիժ մնալ։
- Նա պե՛տք է վայր դնի մանդատը:
- Արթուր Հովհաննիսյանը իրավական պատասխանատվությունից չի՛ կարող խուսափել։ Հասնելու եմ դրան:
Հ. Գ. Նիկոլ Փաշինյանի լռությունը այս վտանգավոր նախադեպի լեգիտիմացման փաստարկումն է, ինչը նոր որակի մարտահրավեր է հանրային համերաշխության բոլոր մակարդակներում՝ կենցաղայինից մինչև իրավական։ Ասածս չափազանցություն չէ։ Արթուր Հովհաննիսյանը պետք է ստանա հրաժեշտի SMS, այլապես կստացվի, որ պետությունը և դրա հիմքում դրված բոլոր արժեքներն ու բարոյական նորմերն առ ոչինչ են»,- գրել է նա։





























