Մարդիկ կուսակցություն են մտնում իշխանական կերակրատաշտի համար․ «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ»  թերթը գրում է. «Ես ուզում եմ խոսել ՕԵԿ-ի շնորհիվ նախարար դարձած մարդկանց մասին. երբ պետք է պաշտոն ստանալ, նրանք ՕԵԿ-ական են, կուսակցական հավաքներում «Քոչարի» են պարում, բոցավառ կուսակցական ճառեր են արտասանում։ Երբ պետք է աթոռը պահպանել, միանգամից դառնում են անկուսակցական՝ մոռանալով, թե ինչ մեխանիզմով են նախարար դարձել։

Երբ որոշվեց, որ ԲՀԿ-ն չի մտնելու կոալիցիա, այդ կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այն ԲՀԿ-ականները, որոնք կորոշեն ստանձնել նախարարական պաշտոն, կհեռացվեն կուսակցությունից։ Ոչ թե իրենք են դիմում գրելու, այլ իրենց պատժելու են։ Ես դրա մեջ, ճիշտն ասած, որոշակի տրամաբանություն տեսնում եմ. մարդը պետք է բարոյական պատասխանատվություն կրի իր եղած կամ չեղած (ձևականորեն հայտարարված քաղաքական հայացքների համար)։

Եվ այստեղից հարց է ծագում՝ ի՞նչ է կուսակցությունը։ Տեսականորեն դա պիտի լինի համախոհների խումբ, որոնք որոշակի գաղափարախոսության վրա հիմնվելով՝ նույն պատկերացումներն ունենան երկրի զարգացման մասին։ Բայց մեր երկրում այդպես չէ. մարդիկ կուսակցություն են մտնում կա՜մ իշխանական կերակրատաշտին մոտ լինելու համար, կա՜մ այդ հույսով ապրելու համար, կա՜մ ինչ-որ կուռքի երկրպագելու, կա՜մ էլ սեփական վատ բնավորության՝ չարության, մաղձի համար կիրառում գտնելու նպատակով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս