«Վ. Պետրոսյանի գործով տուժողները ցանկություն չունեն լսել անհիմն միջնորդությունները»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ, կայացավ դերասան Վարդան Պետրոսյանի քրեական գործով հերթական դատական նիստը:

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան քաղաքի ուղղությամբ։

Հասնելով Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն ` 71 կմ/ժ արագությամբ եւ երթեւեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից, ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 եւ 66 կետերի, ինչպես նաեւ «ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթեւեկելի մասից դեպի աջ եւ առջեւի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի մասին:

Վթարի հետեւանքով «Վազ -21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ Հակոբյանին եւ էդգար Հակոբյանին անզգուշությամբ պատճառել է մահ, Տաթեւիկ Հակոբյանի առողջությանը, ծանր վնաս` որպես կյանքին վտագ սպառնացող, Հայկ Հակոբյանի, էմմա Հակոբյանի, ինչպես նաեւ ավտովարորդ Արթուր Հակոբյանի առողջությանը միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

Երեկվա նիստն ընթացել է առանց տուժող կողմի ներկայության:

Armlur.am-ի հետ զրույցում Հակոբյանների շահերի պաշտպան` Ռուբեն Բալոյանը, հայտնեց, որ իր վստահորդների բացակայության պատճառն այն է, որ նրանք չեն ցանկանում լսել մյուս կողմի անհիմն միջնորդությունները:

«Հակոբյանները ցանկություն չունեն լսել նրանց անհիմն միջնորդությունները: Ասում են, երբ դատարանը մեզ կհրավիրի, այն ժամանակ էլ կգանք՝ կներկայանանք: Մենք ներկայացնում ենք նրանց շահերը և մեր դիրքորոշումն ենք հայտնում ցանկացած միջնորդության վերաբերյալ»,- ասաց փաստաբանը:

Armlur.am-ի այն դիտարկմանը, որ շատերի գնահատմամբ` նիստերը լարված վիճակում են անցնում, քանի որ Հակոբյաններն ագրեսիա են դրսևորում, Բալոյանը նշեց, որ այդպիսի թեմա չպետք է լինի, և հնարավոր է` մի պահ ագրեսիվ տրամադրվեն, ինչը, ըստ փաստաբանի, բնական է:

«Գործ է, էլի, մի պահ կարող են ագրեսիվ տրամադրվել, մի պահ` ոչ: Լարվածություն, իհարկե, կա կողմերի միջև, չեմ թաքցնում: Կողմն այս փուլում անընդհատ միջնորդություն է անում: Բայց դրանք ներկա փուլի միջնորդություններ չեն, վաղաժամ են: Չգիտեմ` ինչ նպատակով է դա արվում, անհասկանալի է: Համենայն դեպս, դատարանը բոլոր միջնորդությունները մերժում կամ հետաձգում է: Իսկ իմ միջնորդությունը` լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին Տաթևիկ Հակոբյանի մասով,  բավարարեց»,- շարունակելով խոսքն` ասաց Բալոյանը:

Անդրադառնալով Հակոբյանների ներկայիս հոգեվիճակին` Ռուբեն Բալոյանը փոխանցեց, որ նրանք դեռ չեն հանդարտվել և շարունակում են մնալ նույն տրամադրվածությամբ:

Փաստաբանի կարծիքով` նրանք շատ ուշ կհանդարտվեն, սակայն իրենք ամեն բան անում են իրենց վստահորդներին քաջալերելու և օգնելու ուղղությամբ:

Տաթև Հարությունյան




Լրահոս