Հայրենի իշխանությունների ներսում լարված մթնոլորտ է. բոլորը շունչները պահած սպասում են, թե ինչ արդյունք կլինի սեպտեմբերի 20-ին:
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ բոլորը իրար դեմ են պայքարում, որպեսզի կարողանան հայտնվել ՔՊ վարչության քսանյակում: Իշխանության ներկայացուցիչներն ամեն բան թողել են ինքնահոսի ու քարոզչական աշխատանքներով են տարված: Ժամանակը մոտենում է, պետք է հասցնել, ամեն բան անել ՔՊ վարչության նոր կազմում լինելու համար: Անգամ ԱԺ նիստերի ընթացքում քննարկված 3 տասնյակից ավելի օրինագծերը քվեարկելու համար համապատասխան թվով պատգամավորներ ՔՊ-ից չեն հավաքվում, որպեսզի քվեարկություն իրականացնեն:
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ վարչության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ, ինչպես միշտ, ամեն բան թողել է ինքնահոսի, ու որեւէ ՔՊ-ական չի կարողանում հասկանալ, թե ինքն արդյոք հաղթահարելու է անցողիկ շեմը վարչության նոր կազմում լինելու համար, թե ոչ:
Այս պահին բոլորի գլխին սուր է կախված, անգամ այն կարկառուն ՔՊ-ականների, որոնք Փաշինյանի վստահելիներն են: Վարչությունում անորոշ ու լարված վիճակ է:
Նշենք, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյան մարզահամալիրի դահլիճում. այն հեռարձակվելու է ուղիղ եթերով: Ըստ տեղեկությունների՝ սպասվում են բավականին երկարատեւ ընտրություններ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում օրեր շարունակ թիվ մեկ քննարկման թեման դարձել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի եւ խմբակցության քարտուղար Հովհաննիսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը։ Հիշեցնենք՝ Թագուհի Թովմասյանը բարձրաձայնել էր Բաքվի բանտում գտնվող հայ գերիների խնդրի մասին, ինչից հետո բախվել էր իշխող ուժի ներկայացուցչի խուլիգանական վարքագծին։ Թովմասյանի առաջարկը՝ թմրանյութերի թեստ հանձնելու վերաբերյալ, ստացավ սարսափելի ու անթույլատրելի արձագանք հենց խմբակցության քարտուղարի կողմից։ Այս միջադեպը լայն արձագանք է գտել հասարակության տարբեր շերտերում։ Քաղաքական եւ հասարակական գործիչներ, ինչպես նաեւ բազմաթիվ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ խստորեն դատապարտել են կատարվածը եւ պահանջում են, որ Հովհաննիսյանը վայր դնի պատգամավորական մանդատն ու հեռանա Ազգային ժողովից։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ի ներսում եւս բավականին լուրջ դժգոհություններ են առաջացել։ Շատ կուսակիցներ եւ պատգամավորներ դատապարտել են Հովհաննիսյանի պահվածքը եւ այն համարել անթույլատրելի։ Հովհաննիսյանն ինքն էլ փոշմանել է ու հասկացել այդ մասին: Միեւնույն ժամանակ կուսակցության ներսում ձեւավորվել է որոշում՝ հրապարակային հայտարարություններում փորձել հավասարության նշան դնել Թագուհի Թովմասյանի եւ Հովհաննիսյանի վարքագծի միջեւ։ Վերջին օրերին արդեն մի շարք պատգամավորներ առանց ամաչելու նման ձեւակերպումներով են հանդես գալիս։ Սակայն հանրային դաշտում միջադեպը խիստ բացասական ազդեցություն է ունեցել հենց իշխող ուժի վրա։ Այս պատճառով էլ ՔՊ-ն մինչ այս պահը խուսափում է պաշտոնական դիրքորոշում հայտնելուց՝ լավ հասկանալով, որ ցանկացած հայտարարություն կարող է նոր ալիք բարձրացնել։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի ընտանիքում պաշտոնի փոփոխությունների շրջափուլ է։ Բանն այն Է, որ դատավոր Բաղդասարյանը մեծ ցանկություն ունի Վճռաբեկ դատարան գնալու, եւ երեկ ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանում էր՝ վստահեցնելով, որ ինքը անկախ դատավոր է։ Նրա դատախազ ամուսնու կյանքում էլ փոփոխությունների շրջան էր սեպտեմբերի 3-ը: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դատավոր Նելլի Բաղդասարյանի դատախազ ամուսնուն մի վարչությունից մեկ այլ վարչություն էր տեղափոխել։ Մասնավորապես, գլխավոր դատախազը սեպտեմբերի 3-ին Գլխավոր դատախազության՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արիստակես Բարսեղյանին փոխադրել էր Գլխավոր դատախազության՝ պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին: Իսկ թե դատախազ ամուսնու աշխատանքի փոփոխությունը ինչ ազդեցություն կունենա դատավոր կնոջ առաջխաղացման գործընթացում, պարզ կլինի այսօր ՔՊ-ի քվեարկությամբ։
Այսօր ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունն է: ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ թեկնածուներն են ԲԴԽ անդամ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, դատավոր Լուսինե Աբգարյանը եւ Նելլի Բաղդասարյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ այսօր ՔՊ խմբակցությունում պետք է որոշեն, թե որ թեկնածուին պետք է տան իրենց ձայնը: ՔՊ-ականները տարակուսում են երկու թեկնածուների շուրջ. կա՛մ Արմեն Դանիելյան, կա՛մ Լուսինե Աբգարյան: Առավոտյան ՔՊ-ականները պետք է ներքին քվեարկություն կազմակերպեն ու որոշեն, թե ում են տալու իրենց ձայնը փակ քվեարկության ժամանակ: Բանն այն է, որ Դանիելյանը ՔՊ-ի «սրտի» դատավորն է, քանի որ նա բոլոր որոշումները կայացնում է իշխանությունների սրտով: Իսկ Լուսինե Աբգարյանին Կարեն Անդրեասյանի եւ Արթուր Աթաբեկյանի «մարդն» են համարում, ու դրա համար եւս ցանկություն կա նրան դատավորի պաշտոնում ընտրելու: Թե ով կհաղթի այս իրավիճակում, պարզ կդառնա այսօր:



















































































