Օրերս Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի անվայել պահվածքը առաջացրել է լայն դժգոհություն։ Շատ քաղաքական ու հասարակական գործիչներ քննադատել են նրա վարքը՝ դատապարտելով այն և իրենց աջակցությունը հայտնելով ընդդիմադիր կին պատգամավոր Թագուհի Թովմասյանին։
Ֆեյսբուքյան իր էջում Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի կանանց հզորացման ծրագրերի նախկին ղեկավար Լաուրա Սիմոնյանը գրել է․
«Վերջին առավել քան վեց տարիներին աշխատել եմ կին քաղաքական գործիչների հետ և գործունեությանս մեծ մասը նվիրված է եղել քաղաքականության մեջ կանանց մասնակցության և առաջնորդության խթանմանը:
Ցավով եմ փաստում, որ վերջերս ականատես եղանք կին քաղաքական գործիչ, պատգամավոր Taguhi Tovmasyan / Թագուհի Թովմասյան-ի նկատմամբ բռնության: Այո’, բռնության: Ցավոք իրազեկվածության պակասի արդյունքում շատերը ճիշտ բառամթերքով չորակեցին իրադարձությունները` առավել խորացնելով կարծրատիպային ընկալումներն ու խտրականությունը: Ինչպես ընդունված է միջազգային ստանդարտներով, կին քաղաքական գործիչներին և նրանց քաղաքական գործունեությունը սահմանափակելուն ուղղված սեռական բնույթի նվաստացուցիչ ցանկացած ակնարկ ու սեքսիստ արտահայտություն հոգեբանական բռնություն է նրանց նկատմամբ: 2018 թվականին ԵԽԽՎ-ի և Միջխորհրդարանական միության իրականացրած հարցման արդյունքներով պարզվել է, որ հարցված կին պատգամավորների 85.2%-ը իրենց պաշտոնավարման ընթացքում ենթարկվել են հոգեբանական բռնության:
Ես դատապարտում եմ կին քաղաքական գործիչների, հատկապես կին պատգամավորների (անկախ թե որ քաղաքական ճամբարից են) նկատմամբ բռնությունը իր բոլոր դրսևորումներով և կոչ անում կանխարգելող մեխանիզմներ ստեղծել: Որևէ պատճառաբանություն չի կարող արդարացնել կին քաղաքական գործիչների նկատմամբ բռնության տարբեր տեսակները: Սա հատկապես կարևոր է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, որպեսզի կանանց համար ստեղծվի ապահով և խտրականությունից զերծ միջավայր քաղաքական մրցապայքարին մասնակցելու և հաջողելու համար:
Չարդարացնելով Թագուհի Թովմասյանի` Արթուր Հովհաննիսյանին ուղղված թմրամիջողների դեմ թեստավորման պահանջը (ինչը նկատենք, որ եղել էր ի պատասխան կին պատգամավորի հանրային և քաղաքական գործունեության խոչընդոտման, ինչն ինքնին հոգեբանական բռնության մի ձև է), ցանկանում եմ անդրադառնալ նաև պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ՀԺ լրատվամիջոցին տրված վերջին հարցազրույցի մի շարք առանցքային կետերին: Ի պատասխան լրագրողի հարցին, նա նշում է, որ “…սեռով պայմանավորված որևէ խտրականություն չկա…”: Մեջբերեմ իր հայտնի հարցազրույցից. “բարոյականության սահմանները չանցնի… կնոջը ոչ հարիր… նստի իր տեղը… չափի իր բարոյականությունը”: Իր արած այս արտահայտությունները կանանց նկատմամբ վերբալ բռնության և սեռական հիմքով խտրականության ու խտրական խոսույթի ամենահայտնի օրինակներից են:
ՀԺ-ին տրված նույն հարցազրույցում նա նշում է. “…քաղաքականության մեջ, պատգամավորների մեջ այսպես ասած սեռային տարբերություններով պայմանավորված մենք տարբեր լիազորություններ չունենք..”: Այո պարոն Հովհաննիսյան, չունեք տարբեր լիազորություններ, բայց ցավոք ունեք տարբեր հնարավորություններ, ինչի վառ ապացույցն է Ազգային ժողովի ղեկավար կազմում կանանց գրեթե բացակայությունը (չհաշված Հերիքնազ Տիգրանյանին և Ծովինար Վարդանյանին): Չնայած ԱԺ-ում արդեն գրեթե 40% ներկայացվածությանը, կին պատգամավորները չեն զբաղեցնում առաջնորդ դերեր ու պաշտոններ խորհրդարանում կամ իրենց խմբակցություններում: Եւ պատճառներից կարևորագույնն էլ կին քաղաքական գործիչների հենց նման թիրախավորումներն են, որ պետք է դատապարտվեն, որ կանխարգելվի:
Քաղաքականությունը պետք է բաց լինի կանանց համար և կին պատգամավորները, հատկապես իրենց գործունեությամբ ակտիվ և աչքի ընկնող, չպետք է ենթարկվեն բռնության և թիրախավորվեն: Ես միանում եմ Parliamentary Assembly of the Council of Europe-ի և Inter-Parliamentary Union-ի նախաձեռնած #NotInMyParliament արշավին և վերահաստատում, որ խորհրդարանները պետք է գենդեր-արձագանքող ժողովրդավար հաստատությունների օրինակ ծառայեն` հանդուրժողականություն չդրսևորելով սեքսիզմի և գենդերային հիմքով բռնության նկատմամբ:
Այս խնդիրն իհարկե վկայում է նաև մեր հասարակության մեջ խորը արմատացած գենդերային անհավասարության և խտրականության մասին, ինչպես նաև կանանց ու կանանց իրավապաշտպաններին թիրախավորելու: Եւ այս համատեքստում բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին այս ընթացքում կանանց իրավապաշտպաններին քննադատելու և իբրև թե արձագանքի բացակայությունը փաստելու, կոչ եմ անում երբեմն գոնե հետևել նրանց գործունեությանը (վստահ եմ` օգտակար կլինի) և հերթական մանիպուլյացիաներով չզբաղվել: Որպես օրինակ, ստուգեք ամենահայտնի ու կայացած Women’s Resource Center, Armenia, Կանանց ռեսուրսային կենտրոն-ի էջը, ձեր “մտահոգությունները” հաստատ կփարատվեն:





























