Armenian text to speach

Ինչ է հայտնի ԱՄՆ պահպանողական գործիչ Չարլի Քըրքի սպանությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Սեպտեմբերի 11-ին սպանվել է ԱՄՆ-ի պահպանողական ակտիվիստ եւ երիտասարդների շրջանում ազդեցիկ գործիչ Չարլի Քըրքը, ո՞վ էր նա, եւ ինչու՞ են  նրա սպանության լուրերը ողողել ամբողջ մեդիա հարթակները:

ԱՄՆ-ի պահպանողական ակտիվիստ եւ երիտասարդների շրջանում ազդեցիկ գործիչ Չարլի Քըրքը զոհվել է սեպտեմբերի 11-ին՝ Յուտայի նահանգում տեղի ունեցած հրաձգության արդյունքում։ Նա 31 տարեկան էր։

Միջադեպը տեղի է ունեցել Յուտայի Վալիի Համալսարանում (Utah Valley University), երբ Քըրքը ելույթ էր ունենում «Turning Point USA» կազմակերպության միջոցառման ժամանակ։ Նա կրակոց է ստացել պարանոցի հատվածում՝ հանդիսատեսից մի անձի կողմից։ Տեսանյութերից երեւում է, թե ինչպես Քըրքը վայր է ընկնում աթոռին՝ ծանր վնասվածքով։

Ականատեսների փոխանցմամբ՝ դեպքից հետո մեծ քանակությամբ արյուն է հոսել նրա պարանոցից։ Քըրքը շտապ տեղափոխվել է մոտակա հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Քըրքը հիմնադրել էր «Turning Point USA»-ն 2012 թվականին՝ նպատակ ունենալով ակտիվացնել երիտասարդների մասնակցությունը քաղաքականության մեջ եւ ամրապնդել պահպանողական արժեքները։

Հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը, ով Քըրքի մտերիմ դաշնակիցն էր, գրել է. «Մեծ եւ նույնիսկ լեգենդար Չարլի Քըրքը այլեւս մեզ հետ չէ։ Նա իսկապես բացահայտել էր Ամերիկայի երիտասարդների սիրտը։ Ես շատ էի նրան սիրում եւ հարգում»։

Դեպքից երկու օր անց իրավապահները ձերբակալել են 22-ամյա Թայլեր Ռոբինսոնին՝ նշելով, որ նա գործել է հանցանքը։

Չարլի Քըրքը հայտնի էր ոչ միայն իր քաղաքական գործունեությամբ, այլեւ որպես մեդիա դեմք։ Նա վարում էր «The Charlie Kirk Show» հաղորդումը եւ միլիոնավոր հետեւորդներ ուներ սոցցանցերում։

Քըրքը նաեւ հայտնի էր իր հակասական հայտարարություններով՝ ներառյալ 2020-ի նախագահական ընտրությունների արդյունքների կասկածի տակ դնելը, COVID-19-ի վերաբերյալ թյուրըմբռնումների տարածումը եւ հակատրանսգենդերային հայտարարությունները։

Չարլի Քըրքը ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Չիկագոյի արվարձաններում։ Նա ուսումը կիսատ թողնելով՝ ամբողջությամբ նվիրվել էր քաղաքական ակտիվիզմին։

Նրա մահը ցնցել է ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական շրջանակներին։ Քըրքը մեծապես ներգրավված էր Թրամփի նախընտրական քարոզարշավներում եւ համարվում էր կարեւոր դեմք երիտասարդ ընտրողների համախմբման գործում։

Չարլի Քըրքը ամուսնացած էր, ունի երկու անչափահաս երեխա։

Անի Վարդանյան

 




Լրահոս