Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մարսել` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթաժողովին: Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը դիմել է ԵԺԿ-ին անդամակցության համար, նույն նպատակով դիմել են նաեւ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգություն»-ը: Մի կողմ թողնելով այն հարցը, թե այդ ինչպես եւ ինչու ՀՀ իշխանական երեք կուսակցություններն ու «Ժառանգություն»-ը միաժամանակ որոշեցին դիմել եվրոպական կուսակցությունների սույն միավորմանը, նշենք, որ դրանցից կոնկրետ մեկի` ՀՀԿ-ի ղեկավարը նշված հավաքին մասնակցում է հենց անդամության համար դիմած Հանրապետական կուսակցության ղեկավարի, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության նախագահի կարգավիճակով: Ամեն դեպքում, Սերժ Սարգսյանի այս այցելությունը կարեւորվում է մի քանի տեսանկյունից. նախ` այդ գագաթաժողովին մասնակցում են շուրջ 40 երկրների ղեկավարներ` նախագահների կամ վարչապետերի մակարդակով, որոնց թվում, իհարկե, կարեւորվում են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ի դեպ, թեեւ առայժմ կոնկրետ տեղեկատվություն չկա, սակայն չի բացառվում, որ գագաթաժողովին ներկա լինի նաեւ ԵԺԿ անդամ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավար, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ասել է թե` այս գագաթաժողովն իրենից ներկայացնում է եվրոպական ազդեցիկ շրջանակների մի «տուսովկա», որտեղ կուլիսային հանդիպումների ընթացքում կարելի է բազմաթիվ հարցեր քննարկել: Սակայն Սերժ Սարգսյանի այցելության նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի է մեծացնում ֆրանսահայ մամուլը` տեղեկացնելով, որ Մարսելում Սերժ Սարգսյանը կարեւոր հայտարարություններ է անելու: Նկատենք, որ այդ հավաքի շրջանակներում կարող է հարմար առիթ ստեղծվել արծարծելու թե՛ Ղարաբաղի հարցը, որի շուրջ, ի դեպ, հենց երեկ Վիլնյուսում հնգակողմ հայտարարություն ընդունվեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստ են կրկին հանդիպել, թե՛ հայ-թուրքական հարաբերությունները` հաշվի առնելով Էրդողանի մասնակցությունն ու վերջերս Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպենի արած հայտարարությունն այն մասին, որ Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Ցեղասպանության հարցի հայ-թուրքական քննարկումներ, եւ, ի վերջո, թե՛ հայկական ատոմակայանի ճակատագիրը, որի կառավարումից վաղաժամկետ հրաժարվեց ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԵՍ»-ը, եւ որի հանդեպ հետաքրքրության մասին Հայաստան կատարած այցի ընթացքում բարձրաձայնեց Սարկոզին: Թե ինչպիսի հայտարարություններ կանի Սարգսյանը, շուտով պարզ կդառնա: Սակայն այստեղ առավել կարեւոր է այն, թե ինչպիսի հայտարարություններ չի անի Սերժ Սարգսյանը` հատկապես հայ-թուրքական հարաբերությունների եւ ատոմակայանի մասով:
ԿԱՍԻ՞-ՉԻ՞ ԱՍԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ