Armenian text to speach

Եվրոպական խորհրդարանի նախագահը Գերագույն ռադայում ելույթում խոստացել է հրաժարվել ռուսական գազից և նավթից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան առավոտյան ժամանել է Կիև: Ռուսաստանի դեմ պատերազմում զոհված ուկրաինացի զինվորների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո Մեցոլան ելույթ է ունեցել Գերագույն ռադայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ելույթի տեսանյութը Մեցոլան տեղադրել է X սոցիալական հարթակի իր էջում։

Մեցոլայի խոսքով՝ Եվրամիությունն Ուկրաինայի համար արդեն հավաքագրել է 169 միլիարդ եվրո, այդ թվում՝ 63 միլիարդ ռազմական աջակցություն, և ավելացնում է ներդրումներն Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

Եվրախորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն շարունակում է ճնշումը Ռուսաստանի վրա և ակնկալում է Մոսկվայի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթն ընդունել «շատ շուտով»։

«Մենք սերտորեն  համակարգում ենք մեր գործողությունները մեր դաշնակիցների հետ՝ ապահովելու առավելագույն ազդեցություն, և մենք կշարունակենք ավելի արագ հեռանալ ռուսական գազից և ռուսական նավթից», – ասել է Ռոբերտա Մեցոլան։

Կիև ժամանելուց հետո Մեցոլան X-ում գրել էր, որ Ուկրաինա է այցելում Եվրոպական խորհրդարանի «աջակցության ուժեղ ուղերձով»։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմ է ծավալել 1300 օր առաջ։

«Ինչպես մենք կանգնած էինք ձեր կողքին առաջին օրը, մենք կշարունակենք մնալ ձեր կողքին», – հավելել էր նա։

Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկն իր հերթին X-ում գրել է, որ Մեցոլայի այցը «միասնության և Ուկրաինային անսասան աջակցության կարևոր ազդանշան է»։

 




Լրահոս