Armenian text to speach

Քաղաքացու բաց նամակը Հ Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն է ահազանգել մանկավարժ, մ.գ.թ. Ալինա Եղիազարյանը հայտնելով, որ իր կողմից կազմված ֆրանսերենի դասագրքերը, որը հավանության էր արժանացել համապատասխան հանձնաժողովի կողմից, ԿԳՄՍ նախարարությունը չի երաշխավորել տպագրության։ Մեզ ահազանգած քաղաքացին բաց նամակով դիմում է Նիկոլ Փաշինյանին ակնկալելով դրական պատասխան։
Բաց նամակը` ստորև.

«Հարգելի պարոն վարչապետ, լիովին գիտակցելով եւ հարգելով Ձեր  զբաղվածության աստիճանն ու սուղ ժամանակը, այնուամենայնիվ որոշեցի, հույսի վերջին ակնկալիքով, բաց նամակ ուղղել Ձեզ, քանի որ 12.06.2025թ,-ից մինչեւ այսօր ինձ չի հաջողվում պարզել այն պատճառները, որոնց հետեւանքով ֆրանսերեն լեզվի 5-ից-11-րդ դասարանների իմ հեղինակած դասագրքերը չեն երաշխավորվել ԿԳՄՍ նախարարության կողմից:

Տարիներ շարունակ եւ՛ ուսուցիչները, եւ՛ աշակերտները, եւ՛ ծնողները բազմիցս բողոքել են գործող դասագրքերից, ինչպես նաեւ վերջին տարիներին ԿԳՄՍ նախարարության կողմից խոստացած նոր դասագրքերի բացակայությունից, բայց նրանց բողոքի ձայնը եղել է ձայն բարբառոյ  յանապատի: Այսօր նրանք բոլորն էլ խուճափի մեջ են, քանի որ դասագրքերը չկան, իսկ նախարարը կայացրել է անհեթեթ մի որոշում. հրահանգել է ուսուցիչներին հին դասագրքերը հարմարեցնել նոր չափորոշիչներին եւ դասավանդել նրանցով:

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում վարում եմ ֆրանսերենի դասավանդման մեթոդիկա առարկայի դասընթացը 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման կրթական ծրագրում, ինչպես նաեւ ուսուցիչների կամավոր ատեստավորման եւ պարտադիր վերապատրաստման դասընթացները: Բազմաթիվ գիտական հոդվածների. մեթոդական ուղեցույցների, դասագրքերի հեղինակ եմ: 2023-2026 ուսումնական տարվա դպրոցական դասագրքերի համար հայտարարված մրցույթին ներկայացրել եմ Ֆրանսերեն լեզվի 5-ից -11-րդ դասարանների իմ հեղինակած դասագրքերը: Մինչեւ մրցույթը նրանց էլեկտրոնային օրինակները փորձաքննություն են անցել իմ կողմից անցկացված վերապատրաստման դասընթացներում, ինչպես նաեւ դպրոցում՝ մանկավարժական պրակտիկայի ընթացքում, եւ արժանացել են ուսուցիչների եւ աշակերտների հավանությանը: Բացի այդ, դասագրքերի վերաբերյալ դրական կարծիք են հայտնել մեր հանրապետության ֆրանսերեն լեզվի անվանի մասնագետները: ԿԳՄՍ նախարարության կողմից մրցույթին ներկայացված  դասագրքերի գնահատման փուլի գնահատման սանդղակներում, փորձագիտական խմբի կողմից ուղարկված դասագրքերս հիմնականում հաղթահարել են մրցույթի անցողիկ շեմը, իսկ որոշ դասագրքեր գերազանցել են այն: Պարբերաբար ինձ ուղարկվել են փորձագիտական խմբի դասագրքերի գնահատման արձանագրությունները, դրական կարծիքներով եւ որոշ դիտարկումներով: Ամենայն հարգանքով  ընդունել եմ փորձագետների դիտարկումները եւ կատարել  համապատասխան փոփոխությունները: Սակայն, ի զարմանս ինձ, տեղեկացա, որ իմ հեղինակած դասագրքերից ոչ մեկը չի երաշխավորվել:

Ես խնդրանքով անձամբ դիմել եմ ԿԳՄՍ նախարար Ժ.Անդրեասյանին, պարզելու դասագրքերը չերաշխավորելու պատճառները, նա չի պատասխանել: Ինձ պատասխանել է նախարարի տեղակալ Ա. Սվաջյանը, բայց այդ պատասխանից կարելի էր ենթադրել, որ առնվազն տիկին Սվաջյանը չի հասկացել ինչի մասին է նամակը, քանի որ այդ պատասխանը պարզապես մրցույթների անցկացման կարգի մի ձեւանմուշ էր: Իհարկե շատ վիրավորական էր բարձր պաշտոնյայի նման անփույթ եւ անհարգալից մոտեցումը դասագրքի հեղինակի հանդեպ, ինչեւիցե, գրեցի հաջորդ նամակը նույն խնդրանքով: Շաբաթներ անց, պատասխանեց կրթության վարչության  պետը, ասաց, որ իմ հեռախոսի համարն ունի, եթե պետք լինի կզանգի: Երրորդ խնդրանքիս արձագանքեց մեկ ուրիշ աշխատակից եւ ասաց, որ տեղյակ է պահել իմ խնդրանքի մասին համապատասխան բաժին, բայց երկար ժամանակ ոչ մի լուր չի ստացել: Չորրորդ անգամ պատասխանեց մեկ ուրիշ կրթության բաժնի պետ եւ ասաց, որ ժամանակ չունի եւ իր գործերը թողած իմ փաթեթներով չի զբաղվելու, իսկ մնացյալը՝  լռություն: Ես հասկացա եւ անկեղծ ասած ցավ զգացի, որ մեր երկրի  կրթությունը վստահված է պատահական, ոչ արհեստավարժ, անպատասխանատու աշխատակիցների: Զարմանալի է նաեւ, որ ԿԳՄՍ նախարարը միչեւ օրս, երբ իմ ահազանգը հնչել է նույնիսկ սոցիալական ցանցերում, չի փորձել  պարզել, թե ինչ հիմունքներով եմ  բարձրաձայնում իր եւ նախարարության մյուս պաշտոնյաների ոչ պատշաճ եւ անտարբեր վերաբերմունքի մասին: Չնայած  Ժ. Անդրեասյանի  կոնֆլիկտներից խուսափող աշխատելաոճը բոլորին է հայտնի: Հիշենք թեկուզ  լրագրողի հարցը, թե ինչու շատ դասգրքեր դպրոց չեն մտել, նախարարը շատ անվրդով պատասխանեց, որ իրենք երաշխավորել են միայն կարեւոր դասագրքերը: Իհարկե եթե նախարարը գտնում է, որ այսօր բազմալեզու եւ բազմամշակույթ աշխարհում ֆրանսերեն լեզու, ռուսաց լեզու, պատմություն, բնագիտություն,կենսաբանություն, քիմիա, հանրահաշիվ առարկաները կարեւոր չեն, կարծես ժամանակն է, հարգարժան պարոն Փաշինյան, որ լուրջ մտածեք, արդյոք ճիշտ մարդկանց եք վստահել Հայաստանի ապագա բարեկիրթ, հպարտ, եվրոպական ստանդարտներին համապատասխան քաղաքացիների կրթությունը եւ հույս չդնեք կրթությունը նորաձեւ դարձնելու վրա, առավել եւս չզարմանաք, թե ինչու տարեցտարի կրճատվում է ԲՈՒՀ դիմորդների քանակը, եւ չնայած կրթության նախարարի պարբերաբար ներկայացրած կրթական անարդյունավետ ծրագրերին ու նորամուծություններին, կրթությունը օրեցօր գահավիժում է: Ո՝չ նորագույն տեխնոլոգիաները, ո՝չ ակադեմիական քաղաքը, ո՝չ Ձեր անկեղծ մղումները, հարգելի վարչապետ, չեն բարձրացնի կրթության որակը, քանի դեռ կրթության նախարարությունը գլխավորում են ոչ պրոֆեսիոնալ, կրթությաան հետ բոլորովին կապ չունեցող մարդիկ: Դրա վառ ապացույցն այն է, որ նախարարության ղեկավար անձիք ի զորու չեն կազմակերպել նման մրցույթներ, ինձ իրավունք եմ վերապահում նման հայտարարություն անել, քանի որ Հայաստանում, այսօրվա դրությամբ, ֆրանսերեն լեզվի դասավանդման մեթոդիկայի միայն երկու դիպլոմավորված գիտությունների թեկնածու, դոցենտ կա՝ տիկին Արշակյան Անահիտը Վ.Յա. Բրյուսովի համալսարանում եւ ես: Ստույգ տեղեկություն ունեմ, որ տիկին Արշակյանը, լինելով միակ արհեստավարժ մեթոդիստ մասնագետը, ընդգրկված չի եղել մասնագիտական հանձնաժողովում, բնականաբար ես էլ չէի ընդգրկվի, քանի որ հեղինակ էի, իսկ փոխարենը ֆրանսերեն լեզվի դասագրքերի մրցութային հանձնաժողովում ընդգրկված են ոչ պրոֆեսիոնալ անդամներ, օրինակ հայոց լեզվի մասնագետ, որի մասնակցությունը անտրամաբանական է թվում, ֆրանսերեն լեզվից թույլ գիտելիքներ ունեցող եւ դասավանդման մեթոդիկայից անտեղյակ անձիք: Ցանկալի կլիներ տիկին նախարարը իր նորամուծություններում ներառեր դասագրքերի արդար, թափանցիկ ընտրության մեխանիզմներ, որոնք զերծ կպահեին դասագրքերը անճշտություններից ու սխալներից, որոնց մասին այսօր այդքան քննադատություններ են հնչում: Տարօրինակ է որ  քննադատվող եւ թերություններով լի դասագրքերը անխոչընդոտ երաշխավորվել են նախարարության կողմից, իսկ իմ 7 դասագրքերից եւ նույնքան Ուսուցչի ձեռնարկներից ոչ մեկը չի երաշխավորվել: Հույս ունեմ, որ դա թյուրիմացությն կամ անփութության հետեւանքով է, այլ ոչ թե կոռուպցիոն վտանգի: Հարգելի վարչապետ, գուցե նամակս երկար ու խստապահանջ լինի, բայց ամենայն անկեղծությամբ խոստովանում եմ, որ սիրտս ցավում է  այսօրվա ստեղծված վիճակի համար;

Երեք տարի անընդմեջ աշխատել եմ 5-ից -11-րդ դասարանների ֆրանսերենի դասագրքերի ստեղծման վրա: Այդ ընթացքում կորցրել եմ տեսողությունս, շարունակ նստած աշխատելու հետեւանքով կորցրել եմ քայլելու կարողությունս, սակայն չեմ վհատվել, որովհետեւ գիտակցել եմ, որ իմ մասնագիտական պարտքն եմ կատարում: Մեծ բավականությամբ ու հաճույքով աշխատում էի, պատկերացնելով աշակերտների եւ ուսուցիչների գոհունակությունը, երբ նրանց ձեռքերում կհայտնվեն այդքան սպասված, գեղեցիկ ձեւավորված, հետաքրքիր նյութերով հարուստ դասագրքերը:

Հարգելի պարոն Փաշինյան,մեծ հույս ունեմ, որ կարձագանքեք նամակիս եւ կաջակցեք պաշտպանելու իմ օրինական իրավունքները: Առավել եւս ակնկալում եմ Ձեր արդարացի եւ ողջամիտ որոշումը, որպեսզի թեկուզ ուշացումով այս ուսումնական տարում աշակերտներն ու ուսուցիչները վերջապես կարողանան աշխատել նոր դասագրքերով:

Կանխավ շնորհակալ եմ:

Ալինա Եղիազարյան մ.գ.թ. դոցենտ

17.09.2025»։

 




Լրահոս