Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու մասին ԲԴԽ որոշումը վերացվել է, գործով նոր քննություն կիրականացվի։ Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ-ն։
2024 թ․ հուլիսի 9-ին ԲԴԽ-ն դադարեցրել էր Արթուր Ստեփանյանի դատավորի լիազորությունները, որի նկատմամբ կարգապահական վարույթը ՀՀ արդարադատության նախարարությունը հարուցել էր Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա։ Վերջինս, մատնանշելով «Փաստերի ստուգման հարթակի» 2023 թ․ հրապարակումը, պնդել էր, թե Արթուր Ստեփանյանն իբր 102 գործով խախտել է դատավարական ժամկետները։
ԱՆ-ի արույթի ընթացքում պարզվել էր, որ, այսպես կոչված, ժամկետների խախտումներ արձանագրվել են 85 գործով, որոնց թվում հաշվարկվել են նաև կարճաժամկետ ուշացումները՝ օրինակ՝ 1 կամ 3 օր։ Մինչդեռ նման ուշացումների դեպքում նախարարությունը սովորաբար վարույթ չի հարուցում՝ հաշվի առնելով դատավորների գերծանրաբեռնվածությունը։
Բացի այդ, ԱՆ-ն վարույթը հարուցել էր ոչ պատշաճ սուբյեկտի հաղորդման հիման վրա, քանի որ Դանիել Իոաննիսյանը, ինչպես նշել էր դատավոր Արթուր Ստեփանյանը, գործով շահագրգիռ անձ չէ, մինչդեռ միայն կողմը կարող է գնահատել՝ իր իրավունքը խախտվել է, թե ոչ։ Այդուհանդերձ, գործը հասել էր ԲԴԽ, և վերջինս, փոխարենը կարճելու, ընդամենը 5 կողմ ձայնով որոշել էր դադարեցնել դատավորի լիազորությունները։
Արթուր Ստեփանյանը դիմել էր ՍԴ, որն իր որոշմամբ հակասահմանադրական էր ճանաչել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի այն դրույթը, ըստ որի՝ ԲԴԽ-ի հինգ անդամների ձայները բավարար էին դատավորի լիազորությունները դադարեցնելու համար։
ՍԴ որոշման հիման վրա Արթուր Ստեփանյանը ԲԴԽ դիմում է ներկայացրել՝ պահանջելով վերանայել գործը և վերականգնել Ստեփանյանին՝ պաշտոնում։ Դիմումը ԲԴԽ-ում քննվել է դռնփակ ռեժիմով, զեկուցողը եղել է Անահիտ Աբրահամյանը։ Դիմումի քննության արդյունքում ԲԴԽ-ն որոշել է նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով վերանայել՝ վերացնել Ստեփանյանի լիազորությունները դադարեցնելու որոշումը, նոր որոշման կայացման համար նիստ նշանակել հոկտեմբերի 3-ին՝ ժամը 14։30-ին։























