Armenian text to speach

2 մլրդ 137 մլն դրամ կհատկացվի հանրային տրանսպորտային համակարգի թարմացման նպատակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կառավարությունն ընդունել է որոշում, որը պայմանավորված է հանրային տրանսպորտային համակարգի թարմացմամբ՝ ապահովելով էկոլոգիապես մաքուր և արդյունավետ ուղևորափոխադրում։ Տրոլեյբուսները, որպես մաքուր էլեկտրական փոխադրամիջոցներ, կարևոր դեր են կատարելու փոշու և աղտոտման նվազեցման, նոր երթուղային ուղեգծերի ներդրման ուղղությամբ։ Թվով 45 նոր տրոլեյբուսի գնումը թույլ կտա բարելավել երթուղային հաճախականությունը, ընդհանուր ծածկույթն ու ծառայության որակը։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է ապահովել ավելի ճկուն երթուղային մոդելներ, տրոլեյբուսային կայուն էներգետիկ համակարգի զարգացում՝ ավելի մաքուր և ցածր աղտոտում ունեցող երթուղիներով, նվազեցնել օդի աղտոտվածությունը:

Որոշման ընդունումը պայմանավորված է նաև բազմաբնակարան շենքերի բնակիչների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությամբ՝ հաշվի առնելով, որ ներկայումս փոխարինման ենթակա վերելակների շահագործման ժամկետը գերազանցած է և, ըստ վիճակագրական տվյալների, վերջին տարիներին արձանագրվել են նաև վտանգավոր միջադեպեր: Թվով 104 հին վերելակի փոխարինումը կհանգեցնի շահագործման մակարդակային և անվտանգության արմատական բարելավման, կխնայի տարեցների և հաշմանդամ քաղաքացիների համար ենթակառուցվածքային բարձր մատչելիություն, միաժամանակ կապահովվի սպասարկման ծախսերի, անսարքությունների և արտակարգ դեպքերի զգալի նվազում:

Այսպիսով, որոշմամբ առաջարկվում է՝ 1157 «Քաղաքային զարգացում» ծրագրի 21033 «Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների արդիականացում» և 21041 «Երևան քաղաքի հանրային տրանսպորտի շարժակազմերի համալրում և արդիականացում» միջոցառումների ընթացքի ապահովման նպատակով հատկացնել 2,137,850.0 հազ. դրամ գումար, «1157. Քաղաքային զարգացում» ծրագրի «21002. Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» միջոցառումից:

Վարչապետը հետաքրքրվել է, թե տրոլեյբուսների ձեռքբերման պրոցեսը որ փուլում է գտնվում, ինչին ի պատասխան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է. «Մենք ունենք կայացած մրցույթ և արդեն իսկ ունենք գնած 30 տրոլեյբուս, և այս 45 նոր տրոլեյբուսով, որը Կառավարության աջակցությամբ կգնենք, ամբողջությամբ մեր տրոլեյբուսային պարկը թարմացնում ենք, այսինքն՝ այլևս չենք ունենալու քաղաքում հին տրոլեյբուսներ»: Տիգրան Ավինյանը հավելել է, որ ֆինանսական միջոցների հատկացումից հետո, ակնկալվում է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում 45 տրոլեյբուսը կլինի Երևանում։

Ինչ վերաբերում է վերելակների հարցին, Երևանի քաղաքապետը պատասխանել է. «Համայնքային բյուջեով տարեկան փոխում ենք մոտավորապես 500 վերելակ։ Այս տարի Կառավարությունը նույնպես աջակցում է այս ծրագրին: Այս տարի 507 վերելակ ենք գումարային փոխելու Երևան քաղաքում: Եվս 3 տարի՝ այս նույն տեմպը պահպանելով և երրորդ տարում մի փոքր ավելի գնում անելով, Երևան քաղաքում վերելակային ֆոնդն ամբողջապես կրկին վերազինում ենք։ Հին վերելակային ֆոնդից նշույլ անգամ չի մնա»։

Ինչ վերաբերում է վերելակների սպասարկմանը, Տիգրան Ավինյանը նշել է. «Հաշվի առնելով, որ համատիրությունների ֆինանսական միջոցները հիմնականում թույլ չեն տալիս նմանատիպ վերազինում անել, Երևանի քաղաքապետարանը՝ նաև Կառավարության աջակցությամբ, այս ծրագիրն իրականացնում է՝ հետագայում ամբողջ վերելակային սպասարկումը հանձնելով իրավատիրոջը, մասնավորապես՝ համատիրությանը: Այսինքն՝ արդեն նոր վերելակի հետագա սպասարկումը դրվում է համատիրության վրա»:

Վերադառնալով տրանսպորտի թեմային՝ վարչապետը խոսել է նաև Երևան քաղաքում էլեկտրատրանսպորտի արդյունավետության կարևորությանը և նշել. «Այս մրցույթն իրականացվել է այն վերլուծության արդյունքում, որ մասնավորապես՝ տրոլեյբուսները և ընդհանրապես՝ էլեկտրատրանսպորտը Երևանի համար կարող են շատ արդյունավետ լինել, մանավանդ հիմա, երբ մենք ֆոտովոլտային կայանների շատ մեծ հզորություններ ենք գեներացրել»: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև էլեկտրաավտոբուսների ձեռքբերման նպատակահարմարության հարցին և նշել. «Մեր պլաններում սա նույնպես մի նրբություն է, որին պետք է ուշադրություն դարձնել»:

Արձագանքելով՝ Երևանի քաղաքապետը հավելել է. «Այս մի քանի տարիների ընթացքում մենք հասցրել ենք գնել 87 հատ 12 մետրանոց ավտոբուս, մենք գնել ենք 562 հատ 8.6 մետրանոց ավտոբուս և մինչև այս պահը գնել ենք 30 նոր տրոլեյբուս, որոնք իրենց գծերից անջատ կարող են հավելյալ 60 կմ երթևեկել՝ անկախ միացված լինելուց։ Այս 45 տրոլեյբուսի գնումից հետո, շարժակազմին վերաբերող 2 հիմնական գնում է մնում՝ 18 մետրանոց 249 ավտոբուս, որը փոխարինելու է մեր հին «Հիգեր» ավտոբուսները, որոնք արդեն 15-16 տարեկան են։ Նոր ցանցի վերլուծությամբ, մեզ ևս 26 հատ տրոլեյբուս է պետք գալու: Այսինքն, բոլոր մնացած շարժակազմերը, որոնք մենք պետք է ձեռք բերենք, միմիայն այլևս էլեկտրական պետք է լինեն»:

Վարչապետը հետաքրքրվել է նաև Աջափնյակ մետրոյի կառուցման աշխատանքների ընթացքով, ինչին ի պատասխան Երևանի քաղաքապետը նշել է, որ բոլոր համալիր փորձաքննություններն անցած «Աջափնյակ» մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է և ընդգծել. «Մենք այս նախագիծը բաժանել ենք 3 փուլի: 3 փուլերը լինելու են Բարեկամություն մետրոյից մինչև կիրճ գտնվող թունելային հատվածի կառուցումը, կամուրջի կառուցումը և կամրջից դեպի թունել և հենց բուն կայարանի կառուցումը: Մենք, ինչպես քննարկել ենք նաև Ձեզ հետ, 3 լոտով կհայտարարենք մրցույթներ, կտեղեկացնենք բոլոր հնարավոր խոշոր ընկերություններին, որպեսզի մասնակցություն ունենան այս մրցույթներին: Կունենանք հաղթող և արդեն հաջորդ իսկ քայլով կքննարկենք ֆինանսական միջոցների տրամադրման հարցը: Ես կարող եմ ասել, որ 2026 թվականին մենք կարող ենք սկսել աշխատանքները «Աջափնյակ» մետրոյի կայարանում։ «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցումից հետո, Երևանի մետրոպոլիտենում ուղևորահոսքի աճը կլինի մոտ 25%: Այսինքն, էական մեծ ազդեցություն է ունենալու ուղևորահոսքերի վրա»։

Վարչապետն իր հերթին հավելել է, որ մետրոյի զարգացման գաղափարը քննարկվում է նաև Ակադեմիական քաղաքի նախագծի շրջանակներում: Նիկոլ Փաշինյանի խոսքով, քննարկվում է նաև մետրոյի «Աջափնյակ» կայարանից հետո զարգացնել ուղղությունը մինչև Ակադեմիական քաղաք և Ակադեմիական քաղաքի մետրոյի կայարանն ուղղորդել Չարբախ մետրոյի կայարան: Արդյունքում, վարչապետի խոսքով, մետրոյի շրջանաձև երթևեկություն կլինի, որն ավելի արդյունավետ կլինի:

Տրանսպորտի թեմայի շրջանակում Տիգրան Ավինյանը խոսել է նաև Երիտասարդական մետրոյի կայարանից Նոր Նորք ճոպանուղու կառուցման մասին, ընդգծել, որ այժմ իրականացվում է նախագծի մրցույթի փուլը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն անդրադարձել է նաև արևային կայանների տեղադրմանը և ներկայացրել է, որ 2030թ. էներգետիկ ռազմավարության մեջ որպես թիրախային չափ սահմանված է 1000 մվտ, սակայն այսօր արդեն տեղադրված է 850 մվտ արևային կայաններ:

Այս թեմայի առնչությամբ վարչապետը նշել է, որ այս ուղղությամբ պետք է աշխատել. «Ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք զարգացնել այս ուղղությունը, որովհետև մեր արտադրության էներգիան է, և մենք պետք է մտածենք, թե ինչ հետագա քայլեր անենք, մասնավորապես՝ կուտակիչ կայանների տեխնոլոգիաները: Այսօր աշխարհում էլեկտրաէներգիան, գնալով ավելի շատ պահանջարկ է ունենում, և մենք պետք է գտնենք ձևեր՝ մեր արտադրած էլեկտրաէներգիան արտահանելու»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ արևային էներգիայի ոլորտի զարգացումը պետք է չդանդաղեցնել, քանի որ այն տնտեսական, էներգետիկ անվտանգության, այդ թվում՝ պետական անվտանգության խնդիր է և անհրաժեշտ է հետևողականորեն գնալ այդ ճանապարհով: Վարչապետը հանձնարարել է այս հարցի առնչությամբ աշխատանքային հանդիպում կազմակերպել՝ հրավիրելով էներգետիկ ոլորտի գործընկերներին և փորձագետներին:




Լրահոս