«Եթե դա գողությունով ձեռք բերված հարստություն է, իհարկե, դրանք վատ տղաներ են, եթե իշխանական դիրքն օգտագործելու արդյունքում է, էլի վատ տղաներ են, բայց…»,- ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը մեր, նաեւ ռուսաստանցիների մենթալիտետում նկատում է հարուստ մարդկանցից վատ տղաներ սարքելու միտում:
-Ձեր առաջադրման մասին կուսակցությունում որոշում կա՞:
-Ո՛չ ես եմ կողմնորոշվել դեռ, ո՛չ կուսակցությունն է առհասարակ որեւէ մեկի մասին կայացրել որոշում: Որոշումը կայացվում է համագումարին:
-ԱԺ-ի հնաբնակ պատգամավորներից եք, չե՞ք հոգնել:
-Ամեն մարդ ունի իր խառնվածքը, ես երբեք չեմ հոգնում պայքարից, սուր իրավիճակների ժամանակ ես միշտ ակտիվ եմ ու միշտ որոշումներ առաջարկող եւ իրականացնող եմ: Հանգիստ ժամանակ, երբ որ նենց… «ռուտիննի» աշխատանք ա, ես էդքան ակտիվ չեմ ինձ դրսեւորում: Մարդ էլ կա, որ հակառակը, էդ հանգիստ ժամանակ ա ավելի… իսկ սուր իրավիճակների ժամանակ մտնում ա թփերը: Մարդիկ տարբեր են:
-Հիմա ԱԺ-ն համարում եք «սուր իրավիճա՞կ»:
-Չէ՛, ոչ մի սուր իրավիճակ չեմ տեսնում խորհրդարանում, դրա համար էլ իմ պահվածքն էդքան ակտիվ չէ: Խոսքը էս վերջին ամիսների մասին չէ, որովհետեւ ես հիվանդ էի ու առաջին օրն է, որ եկել եմ աշխատանքի:
-Որպես հնաբնակ` շատ կառավարություններ եք տեսել, գումարումներ: Հիմա ԱԺ-ում տեղի են ունենում զավեշտական դեպքեր, ասենք` մեկ պատգամավոր է նստած լինում, նախարարը նայում է նրան ու ասում` «հարգելի՛ պատգամավորներ»: Կամ էդ շարիկ-մարիկներն էլ գիտեք:
-Դուք` լրագրողներդ, խորհրդարանի աշխատանքը մի քիչ այլ ձեւով եք պատկերացնում: Որպեսզի ճիշտ պատկերացում ունենաք, համեմատե՛ք այլ երկրների խորհրդարանների հետ: Ես շատ խորհրդարաններ եմ տեսել եւ բոլոր խորհրդարաններում էդ հարցը` մարդկանց ներկայությունը, քվորումը չէ, որովհետեւ դա կարող են ռեգիստրացիայով ապահովեն, օրինակ` հիմա քիչ մարդ կա չէ՞ դահլիճում, բնական է ընդունվում: Կլինի Գերմանիայի պառլամենտը, կլինի ՌԴ, Ֆրանսիա: Պատգամավորը չինովնիկ չի, որ պտի ութ ժամ իրա աթոռին նստի: Պատգամավորն իր կարծիքը տարբեր ձեւով դրսեւորելու տարբեր հնարավորություններ ունի, էդ թվում նաեւ քվեարկությամբ ու… Ես, իհարկե, ֆորմալ կողմն եմ ասում, որ ինքնին դա քննադատելի չի: Բայց ես շատ լավ հասկանում եմ ենթատեքստը ու համաձայն եմ, որ պատգամավորների մի ստվար հատված կա, որոնց, իրոք, օրինաստեղծ աշխատանքը չի հետաքրքրում, նրանք ավելի շատ պառլամենտում են ուրիշ պատճառներով: Չէ՛, էդ անձեռնմխելիությունը չի, ուրիշ հարց է, պրեստիժ… ազնվական կոչումի նման մի բան է դառել: Կա, էդ կա, բայց էդպիսի մարդիկ կան ցանկացած պառլամենտում:
-Ասում եք` «պրեստիժ» է, պատվաբեր, լավ, դա էլ տեսան, ինչպես հայտնի օրինակում, որ երեխան «սամոլյոտի միս է» ուզում:
-Ռուսերեն էդ հիվանդություններին ասում են` «բալեզնի ռոստա»: Պտի ապրի, պտի անցնի: Ժամանակն ա, իհարկե, որ ԱԺ-ն որակապես փոխվի մի քիչ:
-Պարո՛ն Բադեյան, Դուք հաճախ աչքի եք ընկել քիչ, թե շատ ընդդիմադիր գնահատականներով: Երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, արտագաղթի ու մնացած խնդիրների մասին սուր գնահատականներ հնչում են նաեւ այնպիսի մարդկանցից, որոնցից նախկինում չէիր սպասի: Օրինակ` ծագումով ղարաբաղցի օլիգարխ Լեւոն Հայրապետյանը վերջերս դառնացած կրկնեց Շարլ Ազնավուրի այն խոսքերը, որ «օլիգարխները կերան այս երկիրը»: Ի՞նչ կասեք:
-Ես բացատրեմ «էդ օլիգարխները կերան»-ի «օլիգարխ» բառի ծագումնաբանությունը: Նշանակում է` «օլիգո»-քիչ, «արխ»-իշխանություն` քչերի իշխանություն: Ուրեմն ռուսների ձեւափոխումներից հետո, երբ նրանք սկսեցին ստեղծել ազգի թշնամի` ի դեմս հարուստների, սրանց անունը դրին «օլիգարխ»: Ծնվեցին Գուսինսկի, Խոդորկովսկի, Բերեզովսկի, եւ իբրեւ թե սրանք էին Ռուսաստանի հիմնական դուշմանները: Սա արվեց նրա համար, որ հասարակության հիմնական արգելակը` ռուսական չինովնիկական համակարգը, հարվածի տակից դուրս բերվի: Պատահական չի ՌԴ-ում կոմունիստների էս ձայները:
-Այսինքն` օլիգարխները շանթարգելի դե՞ր են խաղում:
-Միանշանակ, սա պրոպագանդայի խնդիր է. հարուստ մարդկանցից սարքում են բան… «վատ տղաներ», մինչդեռ նորմալ երկրներում հարուստ տղաներն օրինակներն են մնացած ժողովրդի, էն փարոսներն են, որին պիտի ձգտեն:
-Իսկ եթե տղաներն իսկապես վա՞տն են:
-Չէ՛, հարստությունն էլ ունի իր տարբեր ձեւերը, եթե դա գողությունով ձեռք բերված հարստություն է, իհարկե, դրանք վատ տղաներ են, եթե իշխանական դիրքն օգտագործելու արդյունքում է, էլի վատ տղաներ են…
-Իսկ եթե իրենց բանդաներով ծառայում են ընտրակեղծարարությա՞նը:
-Դրանք էլ են վատ տղաներ: Բայց եթե մարդն իր ազնիվ աշխատանքով, իր ձեռնարկատիրության, իր խելքի հաշվին հասել է հարստության, դա, բացի գովաբանելուց, ինչի՞ է արժանի:
-Այսինքն` որտե՞ղ փնտրենք վատ տղաներին, կառավարությունո՞ւմ:
-Ասացի` վատ տղաներին փնտրե՛ք այնտեղ, որտեղ օրենքն է խախտվում:
ՀԱՐՈՒՍՏ ՏՂԱՆԵՐԸ ՎԱՏԸ ՉԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ