Ռուսաստանի Դաշնությունը մշտապես աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հնարավորինս արագ կարգավորմանը, ինչը Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ զարգացման հիմքն է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ սեպտեմբերի 18-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցում։
«Մոսկվան պատրաստ է շարունակել աջակցել Երեւանի եւ Անկարայի ջանքերին՝ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ «3+3» ֆորմատի շրջանակներում։ Կարեւոր է, որ համաձայնությունների մշակման գործընթացում հաշվի առնվեն տարածաշրջանի իրականությունները եւ հարեւան երկրների շահերը, ինչպես նաեւ բացառվի ցանկացած արտաքին դերակատարների կողմից միջամտությունը», – ընդգծել է դիվանագետը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է 2022 թվականի հունվարին Մոսկվայում։ Այս տարվա սեպտեմբերի 13-ին Սերդար Քըլըչը պաշտոնական այցով եղել է Հայաստանում, որտեղ կողմերը քննարկել են հարաբերությունների կարգավորման հիմնահարցերը եւ նախանշել առաջիկա քայլերը՝ 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված համաձայնությունների շուտափույթ իրագործման ուղղությամբ։
Քըլըչը նաեւ հանդիպումներ է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

























































































