Armenian text to speach

ՔՊ խայտառակ նվիրատվությունների քրգործը կարճվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հակակոռուպցիոն կոմիտեն կարճել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ 2022 թվականի նվիրատվությունների թեմայով նախաձեռնված քրեական վարույթը. այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Այն հարուցվել էր կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելու հատկանիշներով։

Հիշեցնենք, որ նվիրատվությունների այս աղմկահարույց սկանդալը բացահայտել էին Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը՝ OCCRP-ն, և «Սիվիլնեթ»-ը։

Ըստ հրապարակման՝ տարբեր համայնքներում ՔՊ թեկնածուների տասնյակ ներկայացուցիչներ նույն օրը կուսակցությանը փոխանցել էին նույն չափի գումարներ։ «Սիվիլնեթ»-ի հետաքննող լրագրողները խոսել էին ավելի քան երեք տասնյակ նվիրատուների հետ, որոնցից կեսը հայտնել էին՝ չեն հիշում, որ երբևէ գումար են փոխանցել իշխող կուսակցությանը։

Նույն հետաքննությամբ բացահայտվել էին նաև մի շարք խախտումներ․ օրինակ՝ դեպքեր, երբ նվիրատվությունները գերազանցել էին օրենքով սահմանված առավելագույն չափը։

Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ մեկ նվիրատու 2022 թվականին «Քաղաքացիական պայմանագրին» փոխանցել էր 3 մլն դրամ, մինչդեռ ավելի ուշ լրագրողներին ասել էր․ «Այդքան գումար ոչ ունեցել եմ, ոչ էլ փոխանցել»։

Հակակոռուպցիոն կոմիտեում ՔՊ-ի ֆինանսավորման հետ կապված քրեական երկու վարույթ էր նախաձեռնվել՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) հաղորդումների հիման վրա։ Առաջինը վերաբերում էր խոշոր չափերով ապօրինի նվիրատվությունների ներգրավմանը։ Երկրորդ վարույթի հիմքում դրվել էին մի քանի հանգամանքներ՝ նվիրատվությունների սահմանաչափերի գերազանցում, օրենքով չթույլատրված աղբյուրներից գումարների ընդունում, ինչպես նաև այլ անձանց անունից նվիրատվություններ ձևակերպելու միջոցով սահմանափակումների շրջանցում։

ԿԿՀ-ն, ուսումնասիրելով ՔՊ-ի 2022-ի տարեկան հաշվետվությունը, արձանագրել էր մի շարք խախտումներ և վարչական վարույթներ նախաձեռնել։ Մեկ դրվագով էլ հանձնաժողովը դիմել էր Գլխավոր դատախազություն, ինչի արդյունքում էլ սկսվել էին քրեական վարույթները։

Սրանք ըստ էության բխում էին իշխող ուժի 2022 թվականի ֆինանսական աուդիտի բացասական եզրակացությունից։ Աուդիտը արձանագրել էր խոշոր խախտումներ և անարժանահավատ տվյալներ։ Մասնավորապես՝

• օրենքով սահմանված սահմանաչափից ավելի գումարներ էին փոխանցվել ՔՊ-ին՝ 5,9 միլիոն դրամի չափով, որոնք նվիրատուներին հետ չէին վերադարձվել,

• արձանագրվել էր 2,4 միլիոն դրամի անանուն նվիրատվություն,

• և 11,3 միլիոն դրամի կանխիկացում, ինչը օրենքն արգելում է։

Այս ամենից առաջ արդեն իսկ հրապարակվել էր «Սիվիլնեթ»-ի հետաքննությունը այն մասին, որ ՔՊ-ին նվիրատվություն կատարած անձանցից տասնյակները տեղյակ չէին, որ նման փոխանցումներ են կատարվել իրենց անունից։

Այսպիսով, չնայած լրագրողական բացահայտումներին, ԿԿՀ-ի արձանագրած խախտումներին և աուդիտի բացասական եզրակացությանը, Հակակոռուպցիոն կոմիտեն որոշել է կարճել իշխող կուսակցության նվիրատվությունների գործը։ Ինչու՞, որովհետև այն վերաբերելի՞ էր իշխող ՔՊ-ին: 




Լրահոս