Armenian text to speach

Սեպտեմբերի 19-ն արցախահայության ցավի, կորստի և պայքարի խորհրդանիշն է. Արցախի պետնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախյան վերջին պատերազմի 2-րդ տարելիցի կապակցությամբ` Արցախի Հանրապետության պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը հանդես է եկել հայտարարությամբ.

«Սեպտեմբերի 19-ը հայ ժողովրդի պատմության ամենածանր և ողբերգական օրերից մեկն է։ Այն արցախահայության ցավի, կորստի և պայքարի խորհրդանիշն է։ Երկու տարի առաջ այս օրը Արցախը վճարեց ամենաբարձր գինը․ հայրենի հողը զավթվեց, հազարավոր ընտանիքներ կորցրին իրենց տները, իսկ մի ամբողջ սերունդ՝ իր ապագան։ Մեզանից խլեցին մեր խաղաղ ու արժանապատիվ ապրելու իրավունքը։

Այդուհանդերձ, Արցախի հարցը փակված չէ և երբեք էլ փակված չի լինելու։ Այն բաց վերք է ոչ միայն մեր ժողովրդի, այլև միջազգային հանրության խղճի վրա։ Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ քանի դեռ ապրում է հավատը՝ արդարության, անվտանգության և հայրենի հողի վերադարձի հանդեպ։

Այս օրը հիշեցնում է, որ պարտադրված կորուստները չեն կարող ջնջել Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքը ապրել իր հայրենիքում»։

Հիշեցնենք, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը կրկին ռազմական գործողություններ սկսեց Արցախի Հանրապետության սահմանի ողջ երկայնքով։ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Արցախը տվեց շուրջ 224 զոհ, 17 անհետ կորած և գերեվարվածներ: Պատերազմական գործողություններին հաջորդեց Արցախի հայաթափումը, որի ժամանակ էլ գերեվարվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահները և այլ պաշտոնատար անձինք։

 

Նանիկ Աղասյան




Լրահոս