Armenian text to speach

Ինչպիսին էր 2025-ի ամառը կինոարդյունաբերության համար. ամենաքննարկվող նոր ֆիլմերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս տարվա ամառը կինոսերների համար բազմազան եւ հագեցած էր․ համաշխարհային եւ տեղական կինոարտադրությունը միաժամանակ ներկայացրին մի շարք նորություններ, որոնք անմիջապես հայտնվեցին ուշադրության կենտրոնում։ «Ժողովուրդ» օրաթերթը առանձնացրել է դրանցից մի քանիսը՝ ներկայացնելով ամռան ամենանշանակալի ֆիլմերը, որոնք ցուցադրվել են եւ դեռեւս ընթացիկ ներկայացվում են հայաստանյան կինոթատրոններում։

«Առաքելությունն անիրագործելի է․ վերջին հատուցում»
Հոլիվուդյան բլոկբաստերների շարքում այս ամառ գլխավոր տեղը զբաղեցրեց Թոմ Քրուզի մասնակցությամբ նոր՝ «Առաքելությունն անիրագործելի է․ վերջին հատուցում» ֆիլմը։ Ռեժիսոր Քրիստոֆեր Մաքուորիի աշխատանքը շարունակությունն է լեգենդար սագայի, որտեղ Էթան Հանթը նորից կանգնում է գլոբալ աղետի կանխման եզրին։ «Սուբստանցիա» անունով արհեստական բանականությունը ներթափանցել է մոլորակի ողջ հետախուզական ցանցերը եւ իր վերահսկողության տակ է առել աշխարհի միջուկային զինանոցի մեծ մասը՝ նախատեսելով առաջիկա օրերին ճակատագրական հարձակում գործել մարդկության դեմ։ Փորձելով կանխել ապոկալիպսիսը՝ Իթան Հանթը որոնում է եղանակ, թե ինչպես ներթափանցել խորտակված ռուսական «Սեւաստոպոլ» սուզանավ, որտեղ, ենթադրվում է, գտնվում է Սուբստանցիայի սկզբնական կոդի բանալին։ Այս մահացու վտանգավոր առաքելության ընթացքում նա հնարավորություն է ստանում նաեւ վերջնական հաշվեհարդար տեսնելու դավաճանած գործակալ Գաբրիելից։ Ֆիլմը աչքի է ընկնում ինչպես դինամիկ սյուժեով, այնպես էլ Քրուզի հայտնի վտանգավոր հնարքներով, որոնք նա, ավանդույթի համաձայն, կատարում է ինքնուրույն։

«Նյութապաշտները»
Ամռան ուշագրավ նորություններից էր Սելին Սոնի ռեժիսորական նոր աշխատանքը՝ «Նյութապաշտները»։ Ֆիլմը ներկայացնում է ժամանակակից սիրավեպի պատմություն՝ համեմված հումորով եւ սուր դիտարկումներով սպառողական հասարակության մասին։ Ֆիլմը պատմում է Լյուսի Մեյսոնի մասին․ նախկին դերասանուհի, այժմ հաջողակ միջնորդ ամուսնությունների գործակալությունում։ Շքեղ կյանք փնտրող, բայց սիրո կարիք ունեցող Լյուսին տատանվում է ֆինանսիստ Հարիի եւ իր նախկին սիրելիի՝ դերասան դառնալու մասին երազող Ջոնի միջեւ։
Ի վերջո բարդ հարաբերությունները ստիպում են նրան ընտրություն կատարել ոչ թե հարստության, այլ սիրո օգտին։ Լյուսին ու Ջոնը կրկին գտնում են միմյանց։ Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել սիրված դերասաններ Դակոտա Ջոնսոնը, Քրիս Էվանսը եւ Պեդրո Պասկալը։

«Սուպերմեն»
Ջեյմս Գանի երկար սպասված «Սուպերմեն» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը կատարում է Դեյվիդ Քորենսուետը, մեծ հետաքրքրություն է առաջացրել հանդիսատեսի շրջանում։ Ֆիլմը քննարկումների առիթ է տվել իր վերջնական տեսարանների շուրջ։ Ի տարբերություն «Մարվել»-ի ֆիլմերում տեսարանների, որոնք հաճախակի ընդգծում են ապագա սյուժեները, «Սուպերմեն»-ի երկու վերջնական տեսարանները կենտրոնանում են կերպարների վրա եւ առաջարկում են զվարճալի պահեր՝ առանց կարեւոր ակնարկների։ Թեպետ հանդիսատեսի համար անսպասելի էր «Սուպերմենի» դերում Հենրի Կավիլի փոխարեն տեսնել նոր դերասանի, սակայն արձագանքները փաստում են, որ Դեյվիդ Քորենսուետի խաղը ոչ պակաս գրավիչ եւ հետաքրքիր է եղել։
Հիշեցնենք, որ ֆիլմում էպիզոդիկ դեր ուներ նաեւ հայազգի հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը։ Նա մարմնավորել է Սուպերմենի կենսաբանական մորը՝ Լարա Լոր-Վանին։

«Բռնված գողը»
Այս ամառվա կինոարտադրության հաճելի անակնկալներից էր նաեւ Դարեն Արոնոֆսկու նոր ֆիլմը՝ «Բռնված գողը», Օսթին Բաթլերի գլխավոր դերակատարմամբ։ Ֆիլմի հիմքում Չարլի Հյուսթոնի 2004 թվականին լույս տեսած համանուն վեպն է։ Գործողությունը տեղափոխում է 1990-ականների Նյու Յորք, որտեղ Հենք Թոմփսոնը՝ երբեմնի բեյսբոլիստ, որին կարիերայից զրկել է ծանր վնասվածքը, հիմա ապրում է համեստ կյանքով՝ աշխատելով Նյու Յորքի մի փոքրիկ բարում։ Ամեն ինչ փոխվում է, երբ նա համաձայնում է մի քանի օր խնամել հարեւանի կատվին․ անմեղ թվացող խնդրանքը նրան ներքաշում է հանցավոր աշխարհ։ Հենքը դառնում է բանդաների, կոռումպացված ոստիկանների ու անհասկանալի մարդկանց թիրախ։ Նրա կյանքը մի ակնթարթում վերածվում է հետապնդման, իսկ նա ստիպված է սովորել պայքարել, որպեսզի դադարի զոհ լինելուց։

«Գողություն հայկական ձեւով»
Հայկական կինոարտադրությունն այս ամառ եւս չուշացավ նորությամբ։ «Գողություն հայկական ձեւով» ֆիլմը, որը կատակերգական, արկածային ու մարտական ֆիլմ է, օգոստոս ամսին ներկայացավ պաշտոնական թրիլլերով, իսկ սեպտեմբերի 4-ից արդեն ցուցադրվում է կինոթատրոններում։
Իսկ ինչի մասին է ֆիլմը․ արկածասեր ընկերների խումբը, որ տարիներ շարունակ ապրել էր օրենքից դուրս, վերջապես որոշում է ավարտել հին կյանքը։ Նրանց վերջին առաջադրանքը Հնդկաստանում թվում էր ճանապարհ դեպի ազատություն, սակայն անսպասելի իրադարձությունները փոխում են խաղի կանոնները։ Հանկարծ իրադարձությունների թատերաբեմը տեղափոխվում է Երեւան, որտեղ նրանց սպասում են նոր փորձություններ։ Հետապնդումներ, վտանգավոր իրավիճակներ ու զվարճալի միջադեպեր, որոնք հաջորդում են մեկը մյուսին՝ բացահայտելով գաղտնիքներ, որոնք ոչ ոք չէր պատկերացնում։ Լինելով դժվարությունների մեջ նրանք ստիպված են ոչ միայն խելացի ու համարձակ քայլեր անել, այլեւ ընդունել ճակատագրի անակնկալ շրջադարձերը։

 

Նանիկ Աղասյան




Լրահոս