ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հանդես են եկել հայտարարություններով:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը.
«Հարգարժա՛ն տիկին Կոս,
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում:
Ուրախ եմ հյուրընկալել Ձեզ Երևանում՝ Ձեր առաջին պաշտոնական այցի շրջանակում։ Սա կարևոր հնարավորություն է Հայաստան–ԵՄ ընդլայնվող գործընկերության շուրջ մտքերի փոխանակման և մեր համատեղ օրակարգի առաջմղման համար։
Ուրախ եմ արձանագրել, որ այսօր մենք արդյունավետ քննարկումներ ունեցանք մեր գործընկերության առաջնահերթությունների, դրանց ուղղությամբ առաջիկա անելիքների և համագործակցության խորացման հեռանկարների շուրջ:
Վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր որակ և խորություն են ձեռք բերել։ Գոհունակությամբ արձանագրում ենք, որ մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը համալրվել է նոր, կարևոր բաղադրիչներով՝ այդ թվում քաղաքական և անվտանգության երկխոսության մեկնարկով։ Դրա վառ ապացույցն է մեր գործընկերության նոր օրակարգի շուրջ ձեռք բերված քաղաքական համաձայնությունը։
Լիահույս եմ, որ նոր օրակարգը կստանա հաստատում այս տարի Բրյուսելում կայանալիք Հայաստան–Եվրամիություն գործընկերության խորհրդի կողմից։ Վստահ եմ, որ այս գործընթացը կնպաստի մեր հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների առաջընթացին։
Այս առումով հետևողական շարունակելու ենք աշխատանքները Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրագործման ուղղությամբ՝ կարևորելով ԵՄ լավագույն փորձի տեղայնացումը որպես մեր բարեփոխումների օրակարգի անբաժանելի մաս։
Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը բարձր է գնահատում Եվրամիության շարունակական աջակցությունը։ ԵՄ-ն վստահելի գործընկեր է մեր երկրի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդման, ինստիտուցիոնալ բարեփոխումների և տարածաշրջանային կայունության ապահովման ճանապարհին։
Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանային կապակցվածության օրակարգին։ Վաշինգտոնում և Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ներառյալ Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու Հռչակագիրը, մեզ նոր հնարավորություններ են տալիս ենթակառուցվածքների ապաշրջափակման, Խաղաղության խաչմերուկ նախաձեռնության և TRIPP նախագծի առաջմղման համար։
Այս նախաձեռնությունները միմյանց փոխլրացնող են և, մեր կարծիքով, ներդաշնակ՝ ԵՄ «Գլոբալ դարպաս» ռազմավարության հետ։ Այդ առումով այսօր երկուստեք կարևորեցինք ԵՄ աջակցությունը՝ միտված տարածաշրջանի կայուն զարգացմանը: Արձագրեցինք նաև, որ երկկողմ հարաբերությունների առանցքային բաղադրիչներից է վիզաների ազատականացման գործընթացը։ Գոհունակությամբ ընդգծեցինք այս ուղղությամբ մինչ օրս գրանցած առաջընթացը։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կունենանք շոշափելի ձեռքբերումներ։
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր մեկնարկեց մեր միջև բարձր մակարդակի քաղաքականության երկխոսությունը։ Սա նոր հարթակ է, որտեղ համատեղ քննարկելու ենք դեռևս 2024 թվականի ապրիլին ԵՄ կողմից հաստատված Դիմակայունության և աճի պլանի շրջանակում բազմոլորտ բյուջետային աջակցության իրականացման ընթացքը։
Ամփոփելով խոսքս՝ կցանկանայի Հանձնակատար Կոսին ու պատվիրակությանը շնորհակալաություն հայտնել կառուցողական և արդյունավետ քննարկումների համար։ Համոզված եմ որ այսօրվա մեր քննարկումներն ու պայմանավորվածությունները մեր գործընկերությանը կհաղորդեն նոր ուժ և դինամիկա»:





























