ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային առաջին իսկ օրվանից ակտիվ շփվում է քաղաքացիների հետ և փորձում առկա խնդիրներին հնարավորինս արագ լուծումներ տալ: Օրինակ, օրեր առաջ նա արտոնություններ տվեց միջին ու փոքր ձեռնարկություններին, այնուհետև ընդունեց Բուզանդի փողոցի բնակիչներին, կասեցրեց կուտակայինի տույժերի կիրառումը, իսկ արդեն երեկ էլ հանդիպեց նույն կուտակայինի դեմ պայքարող երիտասարդների հետ:
Այս ամենը քաղաքական տեխնոլոգիա՞ է, թե նա իսկապես առաջին իսկ օրվանից անկեղծորեն ջանում է լուծել առկա խնդիրները: Armlur.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:
Նա մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, թե այս ամենն, իհարկե քաղաքական տեխնոլոգիաներ են և հավելեց, թե ոչ մի խնդիր իր լուծումն այդպես էլ չի ստանա:
«Ես կարծում եմ, որ այն խնդիրները որոնք եղել են, այդպես էլ մնալու են, մարդու իրավունքների խախտումները ինչպես եղել, այնպես էլ մնալու են, արդարություն չի լինելու և այլն, և այլն:
Որովհետև Հովիկ Աբրահամյանը հենց այն անձն է, որն այդ ամենի այսպես ասած արտահայտողն է: Հենց ինքն է եղել, որ քանի համապետական ընտրությունների կեղծիքների շտաբի պետ է եղել, ինքն է, որ բառիս բուն իմաստով օլիգարխիա հասկացության կրողն է: Խնդրահարույց է իր ունեցվածքի հարցը, որովհետև պետական բարձր պաշտոններ է միշտ զբաղեցրել, և, բնականաբար, շահերի բախումը միշտ ակնհայտ է եղել: Որևէ դրական բան սպասելը իմ համար, միանշանակ, անհույս է», – նշեց նա:
Նաիրա Հովհաննիսյան