Armenian text to speach

Անդրանիկ Քոչարյանն իր «ժամկետանց հանձնաժողովի» զեկույցը առաջ է բրդում. բախում՝ ԱԺ նախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ազգային ժողովում արդեն երեքուկես տարի շարունակված գործընթացը, որը կոչված էր ուսումնասիրելու 44-օրյա պատերազմի հանգամանքները, այսօր փաստացի փակուղում է։ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2022 թվականի փետրվարին, հստակ ժամկետով՝ սկզբում 6 ամիս, այնուհետեւ եւս 6 ամիս երկարաձգման հնարավորությամբ։ ԱԺ կանոնակարգ-օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ 2023-ին արդեն Անդրանիկ Քոչարյանը պարտավոր էր ավարտել իր աշխատանքները եւ ներկայացնել եզրափակիչ զեկույցը։ Սակայն Քոչարյանն անտեսել է օրենքի սահմանած ժամկետները։ Փաստացի, 2023 թվականից հանձնաժողովն այլեւս իրավական հիմքերով գոյություն չունի, բայց Քոչարյանը շարունակում է հանդես գալ որպես դրա ղեկավար եւ անգամ ճնշումներ գործադրել Ազգային ժողովի աշխատակազմի վրա։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ է ընդհարվել՝ պահանջելով հնարավորինս շուտ շրջանառության մեջ դնել հանձնաժողովի ամփոփիչ զեկույցը։ Սակայն ԱԺ նախագահը հայտնել է, թե չի կարող շրջանցել Կանոնակարգ օրենքը եւ շրջանառել երկու տարի ուշացած փաստաթուղթ։

Չնայած դրան՝ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է պնդել, որ իր 210 էջանոց զեկույցը պետք է քննարկվի։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ զեկույցում առկա են նաեւ «գաղտնի» հատվածներ, որոնք Քոչարյանը ներկայացնում է որպես ապագա աղմկահարույց բացահայտումների հիմք։ Նա նույնիսկ վստահեցնում է, թե հրապարակումից հետո սպասվում են ձերբակալություններ։

Այս ամենը, սակայն, առավելապես հիշեցնում է քաղաքական շահարկում, քան իրավաչափ գործընթաց։

 

 

 

 

Օգոստոսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ նշանակվեց Կարեն Անդրեասյանը, որը խայտառակ կերպով ազատվել էր սահմանադրական անկախություն ունեցող Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից: Եղիշե Կիրակոսյանին, Լիպարիտ Դրմեյանին փոխարինած Կարեն Անդրեասյանի այս նշանակումը հետաքրքրական է մի քանի տեսանկյունից։ Խնդիրը ոչ միայն Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերից հրաժարումն է, որը Կիրակոսյանը հրաժարվեց անել, իսկ Անդրեասյանը կանի, այլեւ այն, որ նա պետության անունից փաստացիորեն պաշտպանելու է ինքն իրեն: Հիշեցնենք, որ մինչեւ անցած տարվա նոյեմբերը լինելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ՝ նա նախաձեռնել էր մի շարք դատավորների հեռացումներ։ Հեռացված դատավորները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով Անդրեասյանի քայլերի օրինականությունը։ Այժմ, որպես միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ, հենց Կարեն Անդրեասյանը պետք է երկրի անունից ներկայացնի եւ պաշտպանի այդ նույն գործերի շրջանակում Հայաստանի դիրքորոշումը։ Այս հանգամանքը դիտարկվում է ոչ միայն իրավական, այլեւ էթիկական հարթությունում։ Փաստացի ստեղծվել է իրավիճակ, որտեղ նախկին պաշտոնյայի ընդունած որոշումները, որոնք միջազգային ատյաններում առնվազն մասամբ ճանաչվել են ոչ իրավաչափ, նա ինքն է ներկայումս պարտավոր պաշտպանել։ Սա իրավական շրջանակում արդեն որակվում է «շահերի բախում»։

 

 

 

 

 

Նախորդ շաբաթ Ազգային ժողովում կայացավ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը։ Թեկնածուները երեքն էին՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, դատավոր Լուսինե Աբգարյանը եւ Նելլի Բաղդասարյանը։ ԱԺ քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Արմեն Դանիելյանը։ Սակայն այս ընտրությունը ոչ այնքան «հաղթանակի», որքան «հիասթափության» պատմություն է։ Դատական համակարգի ներսում Դանիելյանի հեղինակությունն առանձնապես բարձր չէ։ Ընդհակառակը՝ համակարգում շատերը նրան համարում են ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից մեկը։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ դատական համակարգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն իր կոլեգաների ներկայությամբ չի թաքցրել դժգոհությունը։ Թադեւոսյանը, ըստ մեր տեղեկությունների, հայտարարել է, որ լավագույն տարբերակը կլիներ, եթե ԱԺ-ում հաղթեր ոչ թե քաղաքական շահը, այլ պրոֆեսիոնալիզմը, եւ դատավոր ընտրվեր Լուսինե Աբգարյանը։ Բայց քվեարկությունը ցույց տվեց իրականությունը. իշխող ուժի՝ ՔՊ-ի նախընտրած թեկնածուն դարձավ ընտրության հաղթողը։ Այսպիսով, ստացվում է հետեւյալ պատկերը. մինչ այժմ Վերաքննիչ դատարանն էր համարվում խնդրահարույց, քանի որ այնտեղ դատավոր Արմեն Դանիելյանի ներկայությունը մշտապես կասկածի տակ էր դնում այդ ատյանի անաչառությունը։ Այժմ «խնդրահարույց լինելու» բեռը տեղափոխվեց Վճռաբեկ դատարան։

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունն օրերս եռօրյա պարբերականությամբ ստանում է նամակներ Նարեկ Վանեսյանի կողմից։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եւ առողջապահության նախկին նախարար, այժմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ համարվող Վանեսյանը երեք օրը մեկ ուղարկում է հերքման տեքստեր՝ հաճախ ոչ իրավաչափ պահանջներով։ Առաջին նամակը ստացանք սեպտեմբերի 3-ին՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մրցույթի վերաբերյալ մեր հոդվածից հետո։ Նյութում լրագրողի դիտորդական մեկնաբանությամբ, գրված էր. «Հերթը Նարեկ Վանեսյանինն էր, որը, ի տարբերություն Զեյնալյանի, գերազանցիկի պես բոլոր հարցերին անգիր արած պատասխանում էր։ Ակնհայտ էր, որ Վանեսյանին «լավ պատրաստել» էին»:  Սա պարզ դիտարկում էր, բայց Վանեսյանը ոչ իրավաչափ պահանջ է ներկայացնում՝  հեռացնել հրապարակումը եւ տպագրել հերքում։ Իսկ ինչ հերքում՝ ձեւակերպված չէ։ Սրանով, սակայն, պատմությունը չավարտվեց։ Սեպտեմբերի 5-ին արդեն հաջորդ գրությունն էր՝ այս անգամ մեկ այլ հրապարակման առիթով։ Մեր նյութում հիշեցվել էր 2018 թվականի հոկտեմբերի 25-ին հրապարակված 27 բժիշկ-պրոֆեսորների բաց նամակը, որտեղ նրանք պահանջում էին, որ Նարեկ Վանեսյանը պատասխան տա իր անպարկեշտ պահվածքի համար։ Այդ նամակը ժամանակին տպագրվել է գրեթե բոլոր ԶԼՄ-ներով. ուստի դրա հիշեցումը նորություն չէր։ «Ժողովուրդ» օրաթերթը բաց է իրավաչափ հերքումների համար, բայց չի կարող ենթարկվել անհիմն ու անտրամաբանական, ոչ իրավաչափ պահանջների։

 

 




Լրահոս