Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնում է, որ ԱՄՆ իր գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հաջորդ շաբաթ նախատեսված հանդիպումը կնպաստի հակամարտությունների լուծմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է թուրքական NSosyal սոցիալական ցանցում։
«Համոզված եմ, որ նախագահ Թրամփի հետ հանդիպումը կնպաստի մեր տարածաշրջանում պատերազմների և հակամարտությունների դադարեցմանը՝ համընդհանուր խաղաղության մեր ընդհանուր տեսլականի և մեր երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման շրջանակներում»,- նշել է Էրդողանը։
Նա հայտնել է նաև, որ Սպիտակ տանը կայանալիք հանդիպման ընթացքում քննարկվելու են մի շարք հարցեր, այդ թվում՝ առևտրի, ներդրումների և պաշտպանական արդյունաբերության վերաբերյալ։
Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ մտադիր է սեպտեմբերի 25-ին Վաշինգտոնում բանակցել Էրդողանի հետ։
«Նրա հետ աշխատում ենք առևտրային և պաշտպանական բազում գործարքների շուրջ, այդ թվում՝ Boeing ինքնաթիռների խոշորածավալ գնման, F-16 կործանիչների վերաբերյալ խոշոր համաձայնագրի վերաբերյալ։ Կշարունակենք բանակցությունները F-35 կործանիչ-ռմբակոծիչների վերաբերյալ, որոնք, կարծում ենք, լավ կավարտվեն»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքը հունիսի վերջին ենթադրել էր, որ Անկարան և Վաշինգտոնը մինչև 2025 թվականի վերջը կարող են կարգավորել Թուրքիային F-35-ի արտադրության ծրագրից հեռացնելու խնդիրը, որը ծագել էր Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելուց հետո։
























































































