Համակ անտարբերությունը, բարձիթողի իրավիճակն ու անտերությունն իշխանական համակարգում արդեն համատարած բնույթ են կրում: Անգամ ամենակարեւոր ոլորտներում այնպիսի լուրջ սպրդումների կարելի է հանդիպել, որ ուղղակի ապշեցուցիչ է: Օրինակ՝ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդ կոչվող կառույցում «շունը տիրոջը չի ճանաչում»: Խոսքը միայն այն մասին չէ, որ նույն ԱԱԽ կայքում պարբերաբար կարելի է հանդիպել տարրական անփութությունների: Երեկ, օրինակ, ԱԺ-ն խորհրդարանի խոսնակ ընտրեց Սամվել Նիկոյանին, սակայն նրա անունը չկար ԱԱԽ կազմում: Թեեւ ի պաշտոնե Նիկոյանն ինքնաբերաբար արդեն ԱԱԽ անդամ է:
Այստեղ լինում են նաեւ շատ ավելի լուրջ «անփութություններ». պարզվում է՝ Ս.Սարգսյանի հրամանագրով ԱԱԽ կազմում ընդգրկված է եւս երկու պաշտոն, որը զբաղեցնող անձինք ԱԱԽ անդամ չեն: Խոսքը նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի եւ ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի մասին է:
Բանն այն է, որ ՀՀ ԱԱԽ-ն կազմավորվել է Ս.Սարգսյանի՝ 2008թ. մայիսի 4-ի ՆՀ-104-Ա հրամանագրով: Այնտեղ նշված են այն 15 պետական բարձրաստիճան պաշտոնները, որոնք զբաղեցնող անձինք նաեւ ՀՀ ԱԱԽ անդամ են. ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ, ՍԴ նախագահ, փոխվարչապետ, ԱԱԽ քարտուղար, պաշտպանության նախարար, նախագահի աշխատակազմի ղեկավար, գլխավոր դատախազ, ԱԱԾ տնօրեն, ոստիկանության պետ, ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Այս տարիների ընթացքում նախագահի` 2008թ. մայիսի 4-ի ՆՀ-104-Ա հրամանագիրը փոխվել է ընդամենը երկու անգամ: Առաջին անգամ դա եղավ 2009թ. մայիսի 6-ին, երբ Ս.Սարգսյանը որոշեց ուժը կորցրած ճանաչել ՀՀ նախագահի` 2008 թվականի մայիսի 4-ի «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» ՆՀ-107-Ա հրամանագրով հաստատված հավելվածի 14-րդ կետը: Խոսքն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի մասին է: Ս.Սարգսյանն այդ որոշումը կայացրեց այն բանից հետո, երբ 2009թ. ապրիլին ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից, դարձավ ընդդիմություն՝ միեւնույն ժամանակ պահպանելով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Մի քանի օր անց հետեւեց այդ հրամանագիրը: Երկրորդ անգամ հրամանագրում փոփոխություններ կատարվեցին այս տարվա ապրիլի 22-ին, երբ ԱԱԽ կազմում ընդգրկվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավարը, եւ Գ.Ծառուկյանը դարձավ այդ կառույցի անդամ: Դրանից հետո ԱԱԽ կազմը որեւէ փոփոխության չի ենթարկվել. համենայնդեպս, Ս.Սարգսյանն այդ մասին որեւէ այլ հրամանագիր չի ստորագրել: Իսկ եթե այդ ընթացքում ինչ-որ մարդիկ պաշտոնանկ են արվել, ապա նրանց փոխարեն նշանակվածներն ի պաշտոնե դարձել են ԱԱԽ անդամ: «ՀՀ ԱԱԽ կազմը հաստատվել է ՀՀ նախագահի 2008թ. մայիսի 4-ի հրամանագրով: Հրամանագրի համաձայն` Ազգային անվտանգության խորհրդի կազմում ընգրկվում են ի պաշտոնե, հետեւաբար, զբաղեցրած պաշտոնից ազատվելու դեպքում դադարում են նաեւ ԱԱԽ անդամ լինելուց, եւ նրանց փոխարեն խորհրդի անդամ ինքնաբերաբար դառնում է տվյալ պաշտոնում նշանակված անձը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան պարզաբանեց Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը:
Այս չորս տարիների ընթացքում պաշտոնանկ է արվել ԱԺ նախագահը, երբ սկզբում Տիգրան Թորոսյանին փոխարինեցին Հովիկ Աբրահամյանով, հետո էլ վերջինիս՝ Սամվել Նիկոյանով: Պաշտոնանկ է արվել նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ Կարեն Կարապետյանի փոխարեն նշանակվել է Վիգեն Սարգսյանը, պաշտոնանկ է արվել նաեւ ոստիկանապետը՝ Ալիկ Սարգսյանի փոխարեն նշանակվել է Վովա Գասպարյանը: Իսկ ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ԲՀԿ-ական Ավետ Ադոնցը դեռ 2009թ. մայիսի 27-ին նշանակվել է Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, իսկ նրա փոխարեն ընտրվել էր ԲՀԿ-ական Ն.Զոհրաբյանը:
Որքան էլ տարօրինակ է, սակայն առ այսօր ԱԱԽ կազմում չկան ո՛չ Վիգեն Սարգսյանը, ո՛չ էլ, առավել եւս, Նաիրա Զոհրաբյանը: Ընդ որում, եթե Վ.Սարգսյանի դեպքում կարող են արդարանալ, թե նրան նշանակել են մոտ երկու ամիս առաջ՝ հոկտեմբերի 17-ին, եւ այս երկու ամիսների ընթացքում չեն հասցրել փոփոխություններ կատարել ԱԱԽ կայքում, ավելին, ԱԱԽ-ն էլ որեւէ նիստ չի գումարել, ապա Ն.Զոհրաբյանի՝ ԱԱԽ կազմում ընդգրկված չլինելն անհասկանալի է: Վերջինս ԱԺ եվրաինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2009թ. հունիսի 8-ից: Ու թեեւ Ս.Սարգսյանը որեւէ որոշում չի կայացրել վերոնշյալ հրամանագրով հաստատված հավելվածի 15-րդ, այսինքն՝ ԱԺ եվրաինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահին վերաբերող կետն ուժը կորցրած ճանաչելու մասին, այնուամենայնիվ, Ն.Զոհրաբյանը ԱԱԽ անդամ չէ: Այս հարցի վերաբերյալ Զոհրաբյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց. վերջինս այս օրերին գտնվում է արտերկրում: Դե իսկ Վիգեն Սարգսյանից որեւէ մեկնաբանություն ստանալը նույնն է, ինչ Սերժ Սարգսյանից:
Մի խոսքով, որեւէ այլ պատկան մարմնում չգտնվեց մեկը՝ պարզաբանելու համար այս իրավիճակը: Փաստորեն, Հայաստանում վտանգված է նաեւ Անվտանգության խորհուրդը: Իսկ ի՞նչ է անում ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, բացի նախընտրական քարոզարշավից:
ԵՐԲ «ՇՈՒՆԸ ՏԻՐՈՋԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ