ՄԵ՞Զ ԻՆՉ
Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է «Գազպրոմբանկ»-ի առաջին փոխնախագահ: Նրա նշանակման հրամանը ստորագրվել է դեկտեմբերի 2-ին: «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն Ռուսաստանի խոշորագույն երեք բանկերից մեկն է, ինչպես նաեւ իր կապիտալով Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի խոշորագույն երրորդ բանկը:
ԱՅԼ ՊԱՏԿԵՐ
«Շատերն են հիշում 2008թ-ը, երբ խորհրդարանական դահլիճում մեզ շնորհալիական բարեպաշտություն, հույս ու հավատ էր ներշնչվում, խոստացվում, որ մի շարք ցուցանիշներով տարածաշրջանային կենտրոն ենք դառնալու: Բայց իրականությունը համառորեն մեզ հետ այլ պատկերով է խոսում, եւ ինչպես հանրապետության բացարձակ մեծամասնությունը` հայտնվել ենք մի կողմից` հայլուրային ծիրանագույն բուրաստանի, մյուս կողմից` օրեցօր աղքատությունից ու ամենօրյա նվաստացումից ու կեղծիքից կքված Հայաստան աշխարհում: ՀՀ բնակչության 35.8%-ը աղքատ է, ամեն հինգերորդը` 21.3%-ը` շատ աղքատ, իսկ 3.0%-ը` ծայրահեղ աղքատ»,-իր հիասթափությունների մասին երեկ ԱԺ-ում բարձրաձայնել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
ՇԱՏ ՎԱՌ ԷՐ
«Ռուսաստանյան ընտրությունները երկրի հասարակական-քաղաքական կյանքում «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջատար դերի վառ վկայությունը դարձան»,-ասված է ԵԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ վարչապետ Վլադիմիր Պուտինին հղած Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
ԱԽՊԵՐ ԵՆ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի նորանշանակ ղեկավար Արմեն Սարգսյանին, որը Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետն էր: Նշենք, որ Շենգավիթի նորանշանակ ղեկավարը ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի եղբայրն է:
ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ
Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է շոսՏՍՏ կուսակցության ղեկավար Սերգեյ Միտրոխինին: Նրան նախկինում եւս փորձել էին ձերբակալել այն բանից հետո, երբ վերջինս Կիրիլ Գոնչարովի հետ բացել էր ՌԴ-ի փաթաթված դրոշը: Սակայն փաստաթղթերը ստուգելուց հետո նրան ազատ էին արձակել: Ըստ BBC-ի` ձերբակալված են նաեւ շոսՏՍՏ-ի երիտասարդական թեւի ղեկավար Կիրիլ Գոնչարովը եւ լրագրող Բոժենա Ռիսկան:
ՆՇԱՆԱԿԵՑԻՆ
Երեկ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիայի անվտանգության վարչության պետի պաշտոնում է նշանակվել Կարեն Բաբայանը (Շերիֆ), ով համարվում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ախոյանը եւ Գասպարյանի նշանակումից անմիջապես հետո հրաժարական տվեց «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի պետի պաշտոնից: