«Եվ Հայաստանը, և Ադրբեջանը ամբողջովին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Մենք վստահ ենք, որ ժողովուրդները դեմ են հակամարտությանը և պատրաստակամ են սկսել հարաբերությունների կարգավորման գործընթացը»։ Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի փոխտնօրեն ադրբեջանցի Մուրադ Մուրադովը։
«Ես շատ դետալների չեմ տիրապետում, հարցը դեռ գործընթացի և քննության մեջ է, բայց բոլոր զինվորներին ադրբեջանական կողմը բաց է թողել: Նրանք, ովքեր զինվորներ են եղել, բաց են թողնվել, իսկ կան մեղադրյալներ, որոնք Ադրբեջանի օրենքներն են խախտել և Ադրբեջանի օրենքով համարվում են օրինախախտներ, այդ պատճառով այս պահին Բաքվում են պահվում: Բայց գործընթացը պրոցեսի մեջ է»,- ասաց Մուրադովը անդրադառնալով հարցին՝ ինչու Բաքվում պահող ռազմագերիներն ազատ չեն արձակվում:
Ըստ նրա՝ խնդիրը պետք է լուծվի Երևանի և Բաքվի երկխոսությամբ:
Ինչ վերաբերում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Մուրադովն ասաց, որ հարցը դեռ քննության մեջ է և որ նրանք մեղադրյալներ են:




















































































