ArmLur.am-ը հերթական բաց նամակն է ստացել քաղաքացուց․
«Հարգելի «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, Ես Ա․ Պ․ ծնունդով բնիկ Գառնիից եմ այսօր էլ իմ հարազատները բնակվում են Գառնի համայնքում և ես շատ լավ տեղյակ եմ մեր մարզում տեղի ունեցող իրավիճակներից, թեև ապրում եմ այժմ արտերկրում։ Ես բազմիցս դիմել եմ տարբեր գերատեսչություններ մի շարք հարցերով, որոնք մտահոգում են մեր համագյուղացիներին, սակայն իրենք բնակլվելով այդ մարզում վախենում են բարձրաձայնել դրանց մասին։
Վերջերս Ձեր կողմից հրապարակված հոդվածը, ինձ հույս ներշնչեց, որ կարող եմ Ձեզ ևս գրել։ Նյութը, որը վերաբերում էր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և նրա տիկնոջ՝ Ռոզա Ասատրյանի ունեցվածքին, կարևոր էր և հանրային հետաքրքրություն ներկայացնող։ Միևնույն ժամանակ, մեր համայնքից հաճախ են հնչում մտահոգություններ, որոնք վերաբերում են մարզում գործող բիզնեսների գործունեությանը և դրանց օրինականության ապահովմանը։
Մասնավորապես՝ շրջանառվում են տեղեկություններ, որ մարզում գործող մի շարք օբյեկտներ կապված են մարզպետի ընտանիքի անդամների, մորեղբոր, մորաքրոջ, հորաքրոջ և հորեղբոր տղաների կամ մտերիմների հետ։ Ըստ նույն տեղեկությունների՝ այդ բիզնեսներում կարող են լինել չգրանցված աշխատողներ, ինչպես նաև հարկային պարտավորությունների թերի կատարում։ Եթե նման փաստեր իրականում գոյություն ունեն, ապա դրանք ոչ միայն վնասում են պետական բյուջեին, այլև խախտում են մրցակցության հավասար պայմանները։
Ուստի խնդրում եմ Ձեր խմբագրությանը՝ իրականացնել լրագրողական հետաքննություն և պարզել․
- Որքա՞ն և ինչպիսի բիզնեսներ են գործում մարզում՝ մարզպետի ընտանիքի անդամների կամ մտերիմների հետ կապ ունեցող։
- Ինչպես նաև ինչու են մարզի բնակիչները խուսափում հարցերից մարզպետի կամ նրա ընտանիքի անդամների անունները լսելիս։
Այս հարցերի լուսաբանումն անհրաժեշտ է ոչ թե միայն առանձին անձանց վերաբերյալ, այլ՝ ամբողջ մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի, արդար մրցակցության և օրինականության պահպանման տեսանկյունից։ Քանի որ Վարչապետը բազմիցս նշել է, որ ՀՀ քաղաքացին ամենակարևորն է։ Եվ անցել է վախի ժամանակաշրջանը»։





























