Երևանում արդեն չորրորդ տարին անընդմեջ անցկացվում է «Ժողովրդավարության ֆորումը»։ Մասնակիցները հերթով ելույթ ունենում էին նույն թեմայով․ որքան «վատ էր մինչև 2018 թվականը» և որքան «լավ է այսօր»։ Նույնիսկ հռչակվեց ամենամեծ ձեռքբերումը․ այն, որ Հայաստանում հնարավոր է այսօր հենց այսպիսի ֆորում կազմակերպել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս համատեքստում ներկայացրեց ինքն իրեն որպես «ժողովրդավարության զոհ», իսկ ժողովրդավարության հիմնական մարտահրավեր հռչակեց… ընդդիմությանը։
Սակայն իրականությունն այնպիսին է, որ այս նույն ֆորումի զարդարված դահլիճից դուրս շարունակում են մնալ լուրջ խնդիրներ, որոնք ոչ միայն չքննարկվեցին, այլ կարծես թե գոյություն չունեն ֆորումի օրակարգում։
• Սամվել Կարապետյանի գործը․ արդեն երեք ամսից ավելի է կալանքի տակ է «Տաշիր» ընկերությունների խորհրդի նախագահը՝ ընդամենը երկու րոպեանոց ուղերձի համար։
• Եկեղեցու դեմ ճնշումները․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը կալանքի տակ է՝ հարցազրույց տալու համար։
• Բագրատ սրբազանի գործը․ ձերբակալվել են շուրջ երկու տասնյակ անձինք՝ «ահաբեկչություն նախապատրաստելու» մեղադրանքով, սակայն մինչ օրս պարզ չէ՝ ո՞վ, ե՞րբ և ի՞նչ էր պատրաստվում իրականացնել։
• Լրատվամիջոցների դեմ ճնշումները․ միայն 2025 թ․ ընթացքում լրատվամիջոցների դեմ ներկայացվել է 37 հայցադիմում, պահանջվող փոխհատուցման ընդհանուր գումարը՝ 66 մլն 700 հազար դրամ։
• Ազգային ժողովում բռնություն․ ընդդիմադիր պատգամավորները դահլիճում ենթարկվում են բռնության՝ գլխավոր դատախազի աչքի առաջ, ոչ մի պատիժ։
• Աղճատված լեզու․ իշխող ուժի քարտուղարը իրեն թույլ է տալիս այլասերված արտահայտություններ ընդդիմադիր կին պատգամավորի հասցեին. Ոչ մի պատիժ։
• ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա և մնում անպատիժ։
• Դիմակավորված ծեծերը․ ընդդիմախոսները ենթարկվում են բռնության անհայտ անձանց կողմից. Հակոբ Կարապետյանի օրինակը։
• Կադաստրի գործի սկանդալը․ ըստ ահազանգի, Կադաստրի կոմիտեի ղեկավարի ցուցումով քաղաքացուն առևանգում և ծեծում են՝ «թասիբը պահելու» համար։
Եթե ֆորումի պաշտոնական հայտարարություններին հետևես՝ Հայաստանի գլխավոր խնդիրը խորհրդային «բրեժնևյան դաստիարակությունն» է, իսկ ժողովրդավարության հիմնական սպառնալիքը՝ ընդդիմությունը։ Բայց եթե նայես նույն երկրի ամենօրյա իրականությանը, ապա ժողովրդավարության իրական մարտահրավերները գալիս են միահեծան կառավարումից և հենց Նիկոլ Փաշինյանից, որը և Կառավարությունն է, և քննիչը, և դատախազը, և Ազգային ժողովը և այսպես շարունակ։
Սա այն նույն «ֆասադային ժողովրդավարությունն» է, երբ միջազգային հյուրերի առաջ բարձրաձայնվում են ճիշտ խոսքեր, լուսանկարվում են փայլուն բեմում, բայց ստվերներում շարունակում են մնալ լռեցված եկեղեցականներ, կալանավորված գործարարներ, հարձակման ենթարկված լրագրողներ ու ծեծված քաղաքացիներ։
Այնպես որ, ժողովրդավարությունն Հայաստանում իսկապես կա… բայց հիմնականում՝ բեմի վրա։
Ս.Գրիգորյան

























































































